Քաղաքական 

Էրդողանի կուսակիցը հրաժարական է տվել

Թուրքիայի վարչապետի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից հերթական պատգամավորն է դուրս եկել՝ հայտարարելով, թե չի կարող մնալ մի կուսակցության կազմում, որտեղ տիրում են հանցանքները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Չեթինը հայտարարել է, թե դուրս է գալիս իշխող կուսակցության կազմից։ Նա խիստ քննադատության է ենթարկել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությանը՝ շեշտելով, թե իշխանությունները «Մեծ կաշառքի» գործողությունից հետո մեղավորներին պատժելու փոխարեն սկսել են մեղավորներին հայտնաբերած ոստիկաններին եւ դատախազներին պատժել։

«Անհնար է մնալ մի կուսակցությունում, որտեղ արդարադատությունը ստորադասվում է սեփական կուսակցության շահերին, որտեղ արդարադատության մեխանիզմը դառնում է իշխանության գործիքը»-ասել է պատգամավորը՝ շեշտելով, թե ինքն իր քաղաքական կարիերան կշարունակի որպես անկախ պատագամավոր։

Հիշեցնենք, որ մինչ այս «Մեծ կաշառք» գործողությունից հետո Էրդողանի գլխավորած կուսակցությունից դուրս են եկել կուսակցության հիմնադիրներից Իդրիս Նաիմ Շահինը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացած մշակույթի եւ եւ տուրիզմի նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը, Հաքան Շուքուրը եւ եւս 3 պատգամավոր։

Նույն շարքից