Օպերայի հարակից տարածքում թվով երեք սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն ընթանում են լարված պայմաններում: Սրճարանների աշխատակիցներն ամեն կերպ ընդդիմանում են՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Սրճարանների աշխատակիցները պահանջում են չվնասել իրենց գույքը: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, իրենք էլ են ուզում կանաչապատ տարածքներ, սակայն դեմ են վանդալիզմին: Երիտասարդ աղջկա խոսքերով, տեղի է ունենում մի բան, որը հարիր չէ քաղաքապետ Հայկ Մարությանին. «Ինձ հետաքրքրում է մեր քաղաքը և այն մարդիկ, ովքեր վաղը հացի խնդիր են ունենալու»:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ սրճարաններում աշխատակիցների թիվն ուռճացված է, ակցիայի մասնակիցն ասաց, որ պետք է մոտենալ սրճարաններին ու տեղեկություններ ստանալ այդ մասին: Նրանց խոսքերով, բոլոր աշխատակիցները գրանցված են, ամեն ինչ օրինական է:
Նշենք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 16 քաղաքացու: