Հասարակություն 

Առաջին անգամ ենք զգացել տնօրենի համը, թե ինչ է մարտի 8-ը․ քոլեջի անձնակազմը պահանջում է տնօրենի վերադարձը

Այսօր առավոտյան Կառավարության շենքի մոտ հավաքվել էին տարբեր խնդիրներով մարդիկ, որոնք բողոքի ակցիայի միջոցով իրենց պահանջն էին ներկայացնում։ Ակցիա անողների թվում էին նաև Տարածաշրջանային թիվ 2 քոլեջի դասախոսներն ու ուսանողները, նրանք պահանջում էին իրենց տնօրեն Կառլեն Հայրապետյանի վերականգնումը տնօրենի պաշտոնում:

«Նախկին դասախոս Մխիթար Պատվականյանը, այդ զրպարտիչը, ով ցանկանում էր դառնալ տնօրեն և չի դարձել, զրպարտել է մեր տնօրեն Կառլեն Հայրապետյանին»,-նշեց դասախոսներից մեկը։

Մասնակիցները փաստում էին, որ իրենց տնօրենն իր պաշտոնավարման 1,5 տարում հասցրել է քոլեջում իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք չեն արել նախկին տնօրենները։

«Առաջին անգամ զգացել ենք տնօրենի համը, թե ինչ է մարտի 8-ը»,-ասաց դասախոս տիկին Մարտիրոսյանը, ով գտնում է, որ Կառլեն Հայրապետյանին տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը հիմնավորումներ չունի:

Իսկ քոլեջի իրավունքի դասախոս Գարիկ Սահակյանը նշեց, որ եղել է աուդիտ, որն իրականացրել է ստուգումներ և հայտնաբերել խախտումներ․ «Բայց մենք ցանկանում ենք, որ մեր տնօրենին տան հնարավորություն, եթե եղել են խախտումներ, ապա այն կարելի է ուղղել, մենք էլ իրականացնելու ենք դասադուլ և գործադուլ՝ անժամկետ»։

Առկա խնդրին լուծում տալու նպատակով նրանց հետ հանդիպեց նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն պետ Արտակ Աղբալյանը, ով առաջարկեց այսօր ավարտել ցույցը պայմանով, որ վաղը փոխնախարարն իր և իրավաբանական վարչության պետի հետ կայցելի քոլեջ և հարցին լուծում կտա, սակայն մյուս կողմը չհամաձայնեց առաջարկությանը: Նրանք պահանջում են մասնավորապես նախարարի հետ հանդիպում, քանի որ նրա ստորագրությունն է հարկավոր, սակայն  երկար բանակցություններից հետո միայն մասնակիցները համաձայնեցին դադարեցնել այսօրվա ակցիան այն պայմանով, որ վաղը քոլեջ կգա Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, իսկ եթե ոչ, ապա նրանք կշարունակեն իրենց բողոքի ակցիան։

Նշենք, որ թիվ 2 Տարածաշրջանային քոլեջում այսօր առավոտյան պաշտոնից ազատվել է  1,5 տարի պաշտոնավարած տնօրեն Կառլեն Հայրապետյանը։

 

 

Նույն շարքից