Հասարակություն 

Ես այստեղ եմ, որովհետև բռնության մասին ահազանգեր եմ ստացել. Նաիրա Զոհրաբյանն ու Աբովյանն Օպերայի մոտ են

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Քիչ առաջ Օպերայի տարածք ժամանեցին ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Աբովյանը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով այսօր ամբողջ օրը տարածքում է, պատգամավորներին և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին ներկայացրեց իրավիճակը:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պետք է նորից երկխոսել սրճարանների սեփականատերերի հետ, փորձել գտնել լուծում: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ կարևոր է բացառել բռնությունը. «Ես այստեղ եմ, որովհետև ահազանգ եմ ստացել, որ ոստիկանությունը բռնություն է գործադրում սրճարանների աշխատակիցների նկատմամբ: Խնդիրը պետք է լուծվի բացառապես երկխոսության ճանապարհով, այլ տարբերակ չկա»:

Զոհրաբյանի խոսքերով, պետք է թղթերով հասկանալ, թե ինչն է օրինական, ինչը՝ ոչ, պետք է առանձին-առանձին քննարկում ունենալ յուրաքանչյուր սեփականատիրոջ հետ:

Պատգամավորը կողմ է կանաչապատմանը, սակայն դա չի նշանակում, որ բռնություն պետք է կիրառվի:

Ի վերջո Վիկտոր Մնացականյանն առաջարկեց Նաիրա Զոհրաբյանին, Արման Աբովյանին, Անի Խաչատրյանին առանձնանալ ու հասկանալ, թե ինչ պետք է անել:

Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ասաց, որ պետք է հարցը լուծել առանց աղմուկի, առանց բռնության՝ հավելելով, որ պետք է հանդիպել նաև սրճարանների սեփականատերերի հետ:

Նույն շարքից