ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի ցանկանում մեկնաբանել իշխանական կուսակցության ներքին խնդիրները:
Այսօր՝ մարտի 14-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Մարուքյանը, խոսելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառման մասին, թե իր մոտ տպավորություն կա, որ Իմ քայլը խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում առողջապահության ոլորտում, ասաց, որ չի ուզում չարախնդալ կամ ուրախանալ. «Հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի, որովհետև իրենք՝ իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանական խմբակցությունը: Մենք ինչ գործ ունենք մտնել իրենց հարցերի մեջ»:
«Եթե իրենց պատգամավորն ու նախարարը յոլա չեն գնում, դա ընդդիմության հարցը չէ: Դրանից մենք չենք էլ ուրախանում»,-հայտարարել է Մարուքյանը:
Ինչ վերաբերում է Թորոսյանի գործունեության գնահատականին, Մարուքյանն ասել է, որ դեմ են քվեարկել կառավարության ծրագրին, ինչի պատճառներից մեկն էլ կադրերն են. «Մենք գործող կադրերից դժգոհ ենք: Չեմ ուզում մասնավորեցնել, Արսեն Թորոսյանի գործունեությանը գնահատական տալու կարիք չեմ տեսնում»: