Մենք հարցը քննարկեցինք քաղաքապետի, ավագանու անդամների հետ, շնորհակալություն ԱԺ պատգամավորներին, ովքեր մտնում են դրության մեջ: Բոլորս պետք է հասկանանք, որ ընդամենը մի քանի ամիս, հեղափոխությունից հետո փորձում ենք ստեղծել իրավական երկիր: Այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը, ինչի համար շնորհակալ եմ: Քիչ առաջ հայտարարեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ խոսելով Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման մասին:
«Մենք բոլորին ծանուցել ենք մեկ ամիս առաջ սրճարանների ներկայացուցիչներին, նրանց հետ զրուցել են, նրանք պատշաճ տեղեկացվել են: Մենք գտնում ենք, որ այս կաֆեները ստանում են գերշահույթ, որևէ մեկն ընտանիք պահելու խնդիր չունի, մենք չենք հավատում դրան: Ավելին ասեմ, մենք ասել ենք, որ աղեղնաձև մասի աջ կողմում կարող են շարունակել իրենց գործունեությունը: Մենք հաստատակամ ենք, ուզում ենք օրինականությունը վերականգնվի, կանաչապատ այգիները վերականգնվեն»,-ասաց Կենտրոնի թաղապետը:
Հարցին, թե հնարավոր չէ արդյո՞ք, մի քանի տարի ժամանակ տալ, Մնացականյանն ասաց, որ նրանք տարիներով աշխատացրել են. «Աշխատանքները վերսկսվելու են հիմա»:
Ինչ վերաբերում է աշխատակիցներին, Մնացականյանն ասաց, որ պատրաստ է օգնել, որպեսզի նրանք նոր աշխատանք գտնեն:
Նշենք, որ Օպերայի տարածք են ժամանալ նաև ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը, որոնց հետ Կենտրոնի թաղապետն ավելի վաղ քննարկում ունեցավ: