Օպերայի հարակից տարածքում թվով երեք սրճարանների ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնեց, որ սրճարաններից մեկի սեփականատերերը դեմել են իրեն, որպեսզի ժամանակ տան գույքը դուրս բերեն սրճարանից:
«Երևանում բիզնեսը ծաղկում է: Մարդիկ կողմնակից են, բացի քսան քանի հոգուց: Չեմ ուզում վիրավորել մարդկանց, որոշներն իրենց թափթփուկի նման են պահում, որոշները՝ նորմալ: Հասկանալի է, էմոցիաներ կան, բայց չի կարելի ոստիկաններին վիրավորել, մեղադրանք հնչեցնել: Մենք մեր աշխատանքն անում ենք: Դուք տեսաք, որ երիտասարդները կանգնել էին ու չէին թողնում տեխնիկան աշխատի: Մեզ համար ամենա կարևորն անվտանգությունն է, աստիճանաբար կանենք: Գործը կանենք, հետո կտեսնեք, թե ինչ սիրուն տեղ ենք ունենալու, ընտիր Երևան ենք ունենալու»,-ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ քննարկում չի լինելու, ուղղակի սպասում են վերոնշյալ սրճարանի ներկայացուցիչների պատասխանին, ինչից հետո կորոշեն անելիքը։
«Մենք չենք ուզում, որ մի քանի կաֆեի պատճառով մեր քաղաքացիների ու ոստիկանների միջև կոնֆլիկտներ լինեն: Հասկանալի է, ջահելներ են, նորմալ է, ամեն ինչ կոնտրոլի տակ է, կաֆեները քանդվելու են, մենք տեր ենք լինելու մեր քաղաքին»։