Քաղաքականություն 

Պահպանել ստատուս քվոն, ուժեղանալ և շարունակել բանակցությունները․ Վազգեն Մանուկյան

analitik.am

Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ «Անկախ»-ը զրուցել է Վազգեն Մանուկյանի հետ։

-Պարոն Մանուկյան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է Արցախյան հիմնահարցը։ Ըստ Ձեզ՝ նոր իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ դիրքորոշում ունեն այդ հարցի վերաբերյալ և ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այդ դիրքորոշման նկատմամբ։

- Իշխանափոխությունից հետո որոշ հայտարարություններ եղան իշխանական թևի կողմից, որ Ղարաբաղյան շարժման էջը փակվում է, բացվում է նոր էջ, նորը շատ ավելի կարևոր է, քան նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն էր և այլն, և այլն։ Այդ բոլոր հայտարարությունները տպավորություն էին թողնում և կասկածներ էին առաջացնում, որ նոր իշխանություններն իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում Ղարաբաղյան հարցի նկատմամբ, որ դա անցյալից մնացած մի հարց է։

Բայց կամաց-կամաց իրավիճակը փոխվեց, և այստեղ մեծ նշանակություն ունեցավ այն, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակությունն ակտիվորեն բարձրացնում ու կարևորում է Արցախյան հիմնահարցը՝ իր նպաստավոր լուծման պայմաններով և այլն։

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, այնտեղ արտահայտված մտքերը ցույց են տալիս, որ իշխանությունը վերցնում է պատասխանատվություն Ղարաբաղյան հարցի նկատմամբ, ինչը, իմ կարծիքով, ամենակարևորն է։

Իշխանության կատարած քայլերից ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ինչ պետք է անել՝ ուրիշ հարց է, բայց այն, որ Հայաստանի իշխանությունները, մեր ժողովուրդը շարունակում են կրել պատասխանատվություն, ամենակարևոր փաստն է, որ կարելի է արձանագրել։

- Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն առաջ է քաշում Արցախյան կողմին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը, որին, փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանեց հայտնի հայտարարությամբ։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։

- Այս տարիների ընթացքում ես չեմ ճանաչել որևէ քաղաքական գործչի, որը չկարևորի Արցախի մասնակցությունը բանակցություններին։ Եվ պետք է ասեմ, որ նման փորձեր եղել են։ Ճիշտ է, բացահայտ չի հայտարարվել դրանց մասին, բայց փորձեր կատարվել են։ Ես հիմա այդ փորձերի մասին մանրամասն չխոսեմ, դրա մասին շատ լավ տեղյակ է Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, կարող եք իրեն հարցնել։

Ո՞րն է այստեղ խնդիրը։ Այն, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին ճիշտ է և շատ լավ մեզ համար, քննարկման ենթակա չէ։ Եթե դա ստացվի, մեծ հաղթանակ կլինի։ Հարցն ուրիշ է՝ հնարավո՞ր է դրան հասնել, թե՞ ոչ, և այդ ճանապարհին մենք ի՞նչ վտանգների միջով ենք անցնելու։

Նախևառաջ դա անհնարին է թվում, որովհետև, եթե Ադրբեջանը Արցախի հետ մտնի բանակցությունների մեջ, դա անուղղակորեն կնշանակի, որ Ադրբեջանն այս կամ այն ձևով Արցախն ընդունում է որպես պետություն։ Այսինքն՝ Ադրբեջանն ամեն գնով կփորձի խուսափել դրանից։ Եվ քանի որ դա հասկանում են Մինսկի խմբի համանախագահները, դա համարում են խոչընդոտ հետագա բանակցություններում, և Մինսկի խմբի վերաբերմունքն արդեն փոխվում է մեր նկատմամբ, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը։ Այնպես որ այդ վտանգը կա, ընդհուպ բանակցային պրոցեսի դադարում կամ տեղափոխում այլ հարթակներ։

Նախորդ տարիների ընթացքում թվում էր, թե մենք անպտուղ բանակցություններ ենք վարում, բայց իրականում այդ բանակցությունները բավականին կարևոր էին։ Առաջինը՝ Արցախի անկախությունը համանախագահների կողմից արդեն ընկալվում է իբրև իրողություն։ Երբ դու 20-30 տարի անկախ ես, որևէ մեկի մտքով չի անցնի, որ կարելի է մի գրչի հարվածով Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմի մեջ։ Այսինքն՝ այդ տեսակետից ժամանակն աշխատում էր մեր օգտին (գոնե այսքանով)։

Այն երեք սկզբունքները, որ դրված են բանակցությունների հիմքում՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք, իր ներքին հակասություններով հանդերձ, մի բանաձև էր, որը, կարծում եմ, հարցի լուծման տեսանկյունից օգտակար էր մեզ համար, արտացոլում էր Արցախի կարգավիճակի հարցը՝ նպաստելով նաև նրան, որ պատերազմը չվերսկսվի։ Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքների տարբերակին, ապա համոզված եմ, որ այն իր մեջ պարունակում է վտանգավոր դրույթներ և գործող չէ։

Այժմ բանակցությունները կարծես թե մտել են փակուղի։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի ժողովուրդը երբևէ չեն հրաժարվի Արցախի անկախությունից։ Այդ անկախությունը ձեռք է բերվել քաղաքական և ռազմական ծանր հաղթանակներով, արդեն տասնյակ տարիների իրականություն է, և դա հասկանում են նաև համանախագահող երկրները։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ոչ միայն չի համաձայնի Արցախի անկախությանը, այլև արդեն չի համաձայնում նաև Արցախի՝ անկախ լինելու իրավունքին։ Այդ դեպքում որտե՞ղ է հարցի լուծման բանալին։

Ադրբեջանը կարող է փորձել պատերազմի միջոցով վերականգնել իր վերահսկողությունը Արցախի նկատմամբ և ժամանակն օգտագործում էր պատերազմի նախապատրաստվելու համար՝ օգտվելով նավթից եկած գումարներից, ուժեղացնելով իր բանակը և իր ժողովրդին դաստիարակելով ռազմի և ատելության ոգով։ 2016 թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տասնյակ զոհեր տվեցինք, ցավալի կորուստներ ունեցանք, տեսանք բանակի որոշակի թերություններ, բայց այնուամենայնիվ Ադրբեջանը համոզվեց, որ մեր բանակը շարունակում է մնալ այն բանակը, որն իրեն հաղթեց, և ինքը չի կարողանալու այս պահին պատերազմի միջոցով հարցը լուծել։ Քառօրյա պատերազմը նաև նպաստեց, որ մեր բանակում բարեփոխումներ լինեն, և մեր բանակն էապես ուժեղացավ։

Հետագայում պատերազմը կանխելու համար մեզ մնում է մի ճանապարհ՝ ուժեղացնել մեր պետությունը, զարգացնել տնտեսությունը, ձեռք բերել դաշնակիցներ, չանել այնպիսի քայլեր, որոնք խոչընդոտում են մեր երկրի կտրուկ զարգացումը, հասարակության մեջ համերաշխություն սերմանել, որպեսզի Ադրբեջանը երբևէ հավակնություն չունենա պատերազմի միջոցով հարցը լուծել։ Այդ դեպքում Ադրբեջանը ուզի թե չուզի, կգնա լուրջ բանակցությունների՝ համակերպվելով իրավիճակի հետ։

Խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ այն է, որ համանախագահող երկրներն իրենց վրա վերցնեն հարցի լուծումը և դա պարտադրեն Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին։ Բայց դա քիչ հավանական տարբերակ է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից