Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքական հարթակ Արթուր Բաղդասարյանը չի բացառում

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքական հարթակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի բացառում։ «Հնարավոր է Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախևառաջ Ռոբերտ Քոչարյանից, ես բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Դա նրա դիրքորոշումն է։ Այսօր ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։

 

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, թե երկրի նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իրավունք ունեն իրենց երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեսակետներ ունենալ։ «Այդ տեսակերտները՝ կոնկրետ Քոչարյանի, ես բաժանում եմ երկու մասի՝ բովանդակային և քաղաքական։ Բովանդակային հարցադրումների բովանդակային պատասխանը պետք է տան կառավարության ներկայացուցիչները, ու այս դեպքում, կարծես թե, տվել են, իսկ եթե չի բավարարում, ուրեմն պետք է շարունակել»,- ասաց նա և նշեց, թե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հանդես է գալիս սուր տնտեսական քննադատությամբ, որոնց նույնպես պետք է բովանդակային պատասխաններ տրվեն։

 

Հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետի և կառավարության գործունեությունը, այն դեպքում, երբ վաճառվում են երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները, անվտանգության քարտուղարը հարցրեց, թե ինչ օբյեկտ է վաճառվել։ Հուշեցին՝ վերջինը Որոտանի ՀԷԿ-երի համալիրն էր։ «Որոտանի ՀԷԿ-ի գործարքը փայլուն տնտեսական գործարք է։ Այսօր 180 մլն ներդրում կատարել հայաստանյան տնտեսության մեջ ես սա համարում եմ մեծ ձեռքբերում։ Տա Աստված, որ նման ներդրումներ ավելի շատ լինեն Հայաստանում։ Ես կոնկրետ նման գործարքների կողմնակիցն եմ»,- ասաց նա։

 

Իսկ հարցին, թե ինչպես է գնահատում Կառավարության աշխատանքը Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ ակնկալում է՝ Կառավարությունը գործի առավել արդյունավետ ու նպատակաուղղված։ «Խոսքը վերաբերվում է թե՛ ՕԵԿ անդամ նախարարներին, և թե՛ ՀՀ Կառավարությանը։ Երկրում կուտակված են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ և այդ խնդիրներին պետք է առավել համարձակ հայացք նետվի»,- ասաց նա։

 

Արթուր Բաղդասարյանը ներքաղաքական դաշտը բաժանեց երեք խմբի։ «Առաջին իրենց այլընտրանք հռչակող քաղաքական ուժերն են, դրանք ԲՀԿ-ն է ու ՀՅԴ-ն են, որոնք իշխանական լծակներ ունեն պետական կառավարման համակարգում։ Նրանք հանդես են գալիս հայտարարություններով և իրենց շուրջ են հավաքում կառույցներին ու հոսանքներին»,- ասաց նա։ Երկրորդը, ըստ նրա, ընդդիմությունն է, որը ձևավորման փուլում է։ «Ամեն մի իշխանությանն անհրաժեշտ է լավ ընդդիմություն»,- ասաց նա։ Եվ երրորդն իշխանությունն է՝ Հանրապետական կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր Օրինաց երկիրը։

 

Արթուր Բաղդասարյանը, ի դեպ, ընդգծեց ՕԵԿ-ի մեծ դերը քաղաքական կյանքում՝ նշելով, որ եթե չլիներ ՕԵԿ-ը, ապա երկրի կարևորագույն փաստաթղթերը՝ այդ թվում նաև Բյուջեն, չէին հաստատվի։

 

Ի դեպ, Բաղդասարյանը անդրադարձավ նաև ԲՀԿ-ի հետ ունեցած ընդհարմանը՝ նշելով, որ իրենց «ոչ ոք չի «բարիշացրել», քանի որ իրենք պատերազմի մեջ չեն էլ եղել»։

 

«Խոսակցություն է եղել, անցել գնացել է, դրանից հետո հանդիպել, խոսել ենք։ Մենք երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ենք տևական ժամանակ ճանաչել ենք, դաշնակիցներ ենք եղել, կոալիցիայի մեջ ենք եղել, անգամ իրար հետ աղ ու հաց ենք կիսել, ինչ ասվել է, անցել գնացել է»,- ասաց նա։

Նույն շարքից