Հասարակություն 

Կա գաղափար Ազատության հրապարակը սալիկապատելու մասին. Քաղաքապետի խոսնակ

analitik.am

Կա գաղափար ամբողջ Օպերայի և Ազատության հրապարակի հարակից շրջանում իրականացնել աշխատանքներ՝ գեղարվեստական ձևավորմամբ, դա վերաբերում է նաև Օպերայի շենքին: Կա նաև բուն հրապարակի տարածքը սալիկապատելու գաղափար: Այս մասին լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է ապամոնտաժվող սրճարաններին, Կարապետյանն ասաց, որ այս տարի տարածքը կկանաչապատվի, հին, ոչ առողջ ծառերը կփոխարինվեն նոր տնկիներով, կլինեն սիզամարգեր, թփեր, իսկ արդեն նախատեսվող մրցույթի արդյունքում հրապարակի եզրի նստարանների ձևավորում կլինի. «Այս տարածքը շատ կարևոր է ամբողջ երկրի համար՝ իր պատմական, մշակութային ժամանցի առումով: Այստեղ այս տարի կունենանք կանաչ տարածք, իսկ հետո՝ բոլորովին այլ տեսք»:

Հարցին, թե ինչու միանգամից բոլոր սրճարանները չեն ապամոնտաժվում, Մարությանի խոսնակն ասաց, որ կանաչ գոտու վերականգնումը շարունակական է լինելու. «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև բիզնեսի վերակազմավորումը, ողջամիտ ժամկետներ տալը, ամբողջն արվում է փուլ առ փուլ: Քաղաքապետն էլ է ասել, որ Օպերայի տարածքի մյուս սրճարաններին էլ է անդրադարձ լինելու: Սա կարող է մյուս սրճարանների սեփականատերերի համար ուղերձ լինել, որպեսզի նրանք վերաձևավորեն իրենց բիզնեսը»:

Կարապետյանը ժամկետ չկարողացավ ասել՝ միայն նշելով, ամեն ինչ լինելու է ողջամիտ ժամկետում և իրավական հարթության մեջ:

Նույն շարքից