Հասարակություն 

Քաղաքապետի խոսնակը հայտնեց, թե ինչու չեն ապամոնտաժվում Մանումենտի մեծահարուստների դղյակները

analitik.am

Երբ 2013 թվականին այս տարածքները բետոնապատվում էին, այս տարածքներում շինարարական աշխատանքներ էին տարվում, թե տնտեսվարողները, թե քաղաքային իշխանությունները վստահեցրել են, որ կանաչ տարածքները չեն վնասվելու, սակայն, ինչպես կարելի է հասկանալ, նրանք նկատի են ունեցել միայն ծառերը, որոնք պահպանվել են: Երբ այստեղի տնտեսվարման իրավական հիմքը նայում ենք, կարելի է ենթադրություն անել, որ այս ամբողջ գործունեությունն ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների, չի բացառվում՝ նաև ստվերային գործարքների հիմքով է եղել: Այս պահին տեղի ունեցող գործընթացը և ընդհանրապես քաղաքում տեղի են ունենում իրավական ամուր հիմքերի վրա, ինչը ձեռնտու է նաև մասնավոր համայնքին, քանի որ դա այն զրահն է, որով վերջինս պաշտպանում է իր բիզնեսը՝ անկախ քաղաքական փոփոխություններից: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյո՞ք երաշխիք, որ Երևանի հաջորդ իշխանություններն ապամոնտաժվող սրճարանների տարածքները չեն հանձնի այլ տնտեսվարողներին:

Ինչ վերաբերում է գործընթացի ընթացքում աշխատանք կորցնողների հարցին, Կարապետյանը նշել է, որ հարցը վերաբերում է մասնավոր սեկտորին, քաղաքապետարանն ուղղակիորեն աշխատանք առաջարկելու խնդիր չունի. «Բայց քաղաքապետարանը մտահոգ է: Մենք գիտենք, ար այս պահին աշխատակիցների զգալի մասն աշխատանք է փնտրում ու գտնում: Ոլորտում աշխատանք գտնելն այդքան էլ դժվար չէ, ավելի ճիշտ՝ հեշտ է»:

Կարապետյանը խոսեց նաև սրճարանների աշխատակիցների թվի մասին՝ հայտարարելով, որ այն պարզելու համար կան ուղղակի ու անուղղակի միջոցներ. «Ըստ մեր տվյալների, այստեղ աշխատում է ամենաշատը 2-3 տասնյակ քաղաքացի: Իսկ եթե կան աշխատակիցներ, որոնք գրանցված չեն, դա առնչվում է քրեական օրենսգրքի հետ: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե 300 աշխատակից կա, նախկին վարձակալները կամ իրենց ընդվզումը հիմնավորելու համար այդ թիվն են հնչեցնում, կամ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»:

Տնտեսվարողների հետ պայմանավորվածություն չկա: Հակոբ կարապետյանը չգիտի, թե ինչու այսօր ցուցարարներ չկան տարածքում, սակայն նման հույս ունեցել է, քանի որ հանրությունը համոզվում է՝ գործընթացն օրինական է և բխում է քաղաքի շահերից:

«Այստեղ կարծիքներ են հնչում, թե ինչու չենք սկսում Մանումենտի դղյակներից: Որքան էլ մեզ դուր չգան, դրանք գրանցված են որպես սեփականություն, և տարածքը վերստին անտառ կամ այգի դարձնելու իրավական մեկ ճանապարհ կա՝ գնել դրանք սեփականատերերից: Քաղաքը նման միջոցներ չունի: Իսկ սեփականության իրավունքն իրավական պետության հիմքերից մեկն է: Ամբողջ գործընթացը պետք է լինի իրավական հիմքերի վրա: Իսկ թե ինչ քայլեր կարվեն հետագայում, այդ մասին կասվի: Կա կանաչապատման լայնածավալ ծրագրեր: Կոնկրետ Օղակաձև զբոսայգում հիմա գույքագրում է արվում, իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որպեսզի հետո դրան համապատասխան քայլեր արվեն»,-ասաց Կարապետյանը։

Նույն շարքից