Քաղաքականություն 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին ու ռազմական կցորդին

analitik.am

Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին (նստավայրը` ք. Թբիլիսի): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև իրականացվող մի շարք երկարատև ծրագրերին, մասնավորապես` ՄԹ խորհրդատվական աջակցությանը 2013 թվականի դեկտեմբերից Հայաստանում մեկնարկած պաշտպանության ռազմավարական երկրորդ շրջափուլին և ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացներին, Բրիտանական ուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթությանն ու վերապատրաստմանը:

 

Դ. Տոնոյանը նշել է, որ բրիտանացի գործընկերների հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկարամյա համագործակցության փորձ ունի և պատրաստվում է է՛լ ավելի խորացնել այդ համագործակցությունը, ինչին ի պատասխան բրիտանական կողմը հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում նախաձեռնել համագործակցության նոր ծրագրեր:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

 

Նույն շարքից