Հասարակություն 

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին:

Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության և համազեկուցողների միջև հաստատված կայուն շփումների ձևաչափը հատկապես ներկայիս շրջափուլում, երբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ՝ ներառյալ նաև դատաիրավական համակարգում:

Համազեկուցներն իրենց հերթին բարձր են գնահատել իրենց հետ հանդիպումներում ՀՀ գլխավոր դատախազի կողմից մշտապես դրսևորված՝ անկեղծ երկխոսության պատրաստակամությունը, ինչն օգնում է դատաիրավական ոլորտում բարեփոխումների՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2018թ. մայիսին համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցից հետո դատաիրավական ոլորտում իրականացված գործընթացները, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ներդրմանը, կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքներին, առանձին քրեական գործերի շրջանակներում հանրային և մասնավոր շահերի համադրված պաշտպանությանը, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում դատախազության ունեցած դերակատարությանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախորդ տարի աննախադեպ արդյունքներ են արձանագրվել կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում՝ ինչպես քրեական հետապնդման, այնպես էլ պետությանը պատճառված վնասի հայտնաբերման և վերականգնման ուղղություններով՝ դրա հիմնական նախադրյալը համարելով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում հանրության ակտիվ ներգրավվածությունը և նախաձեռնողականությունը: Նշելով, որ հիմնական շեշտադրումը պետք է կատարվի կոռուպցիայի կանխարգելման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ դատախազությունը նաև ակտիվորեն ներգրավված է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների ներդրման շուրջ ընթացող քննարկումներում:

Անդրադառնալով համազեկուցողներին հետաքրքրող՝ քրեական առանձին գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող առանձին անձանց կողմից պետությանը տրվող նվիրատվությունների իրավաչափության հարցին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ խնդրո առարկայի առնչությամբ իրավական լուծումները շատ հստակ են: Անձի բացառիկ իրավունքն է տնօրինելու իր սեփականությունը՝ այդ թվում նաև նվիրատվություն կատարելու հարցում, սակայն դա որևէ առնչություն չի կարող ունենալ նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ: Այսինքն անկախ սեփական ցանկությամբ նվիրատվություն կատարելու կամ չկատարելու հանգամանքից՝ քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը շարունակվում է: Եվ եթե քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվում է այդ անձի կողմից պետությանը այս կամ այն չափով գույքային վնաս հասցրած լինելու հանգամանքը, օրենքով նախատեսված ներգործության գործիքակազմով միջոցներ են ձեռնարկվում միայն վարույթի շրջանակներում պարզված վնասի վերականգնման ուղղությամբ և վնասի կամովին վերականգնումը օրենքով նախատեսված բարենպաստ հետևանքներ է ունենում անձի համար:

Ընտանեկան բռնությունների օրենսդրության իրավակիրառ  պրակտիկայի ձևավորման խնդրի համատեքստում անդրադարձ է կատարվել դատախազությանը վերապահված քրեադատավարական գործառույթներին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազին բացառիկ իրավասություն է վերապահված հանրային կարգով, այսինքն առանց տուժողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցելու ընտանեկան բռնության բոլոր այն դեպքերում, երբ դատախազի գնահատմամբ տուժողը ուժեղ կախվածության մեջ է բռնարարից և ի վիճակի չէ կամ չի ցանկանում հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանությանը: Համազեկուցողներին տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով մշակվել են նման իրավիճակները դատախազի կողմից գնահատելու և դրանից բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու հստակ ուղենիշեր, որոնց կիրառման արդյունքում նախորդ տարի հանրային մեղադրանքի կարգով ընտանեկան բռնության հատկանիշներով մի քանի տասնյակ քրեական գործեր են հարուցվել:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համազեկուցողներին հետաքրքրող այլ հարցերի լայն շրջանակ:

 

Նույն շարքից