Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետեկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության բացման արարողությանը

analitik.am

Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, այսօր՝ փետրվարի 1-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետեկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության բացման արարողությանը, ծանոթացել տեսչության վարչական շենքում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների եւ մատուցվող ծառայությունների մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ պատասխանատուների հավաստմամբ, կատարված աշխատանքների արդյունքում, մարզկենտրոնում տեղակայված տեսչությունը հարկ վճարողների սպասարկման ժամանակակից կենտրոնի միջոցով սպասարկումն իրականացնում է վերջին տարիներին ձեւավորված արդի չափանիշներին համապատասխան: Նոր շենքն ապահովված է ՊԵԿ միասնական ցանցին միացված էլեկտրոնային կապուղիներով, ինչը հնարավորություն է տալիս օգտվել «Հարկատու 3» համակարգում առկա տեղեկատվական շտեմարանից, այդ թվում` երրորդ անձանցից ստացված տեղեկություններից:

Նշվել է, որ Հրազդանի տարածքային հարկային տեսչությունն սպասարկում է Հրազդանի եւ Չարենցավանի վարչական տարածքները, որը ներառում է 17 համայնք, այդ թվում` տարածաշրջանի երեք քաղաքները` Հրազդանը, Չարենցավանը եւ Ծաղկաձորը:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՀ նախագահին զեկուցել է, որ հարկային եւ մաքսային բարեփոխումների շրջանակներում աշխատանքային պայմանների բարելավման եւ միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով Երեւանում եւ մարզերում շահագործվել են տարածքային հարկային տեսչությունների 17 վարչական նոր շենքեր, այդ թվում՝ Հրազդանի եւ Աշտարակի ՏՀՏ-ների վարչական նոր շենքերը: Առաջիկա մեկ-երկու տարում Կապանում, Իջեւանում, Արմավիրում եւ Մասիսում վարչական նոր շենքերի շահագործմամբ, ըստ ՊԵԿ նախագահի, կավարտվի Պետական եկամուտների կոմիտեի հարկային մասով վարչական շենքերի արդիականացման ծրագիրը:

Նույն շարքից