Հասարակություն 

Մինչ փրկարարի հասնելը, քաղաքացին պետք է իմանա՝ ինչպես վարվել տվյալ իրավիճակում. Ֆելիքս Ցոլակյան

analitik.am

Մարտի 15-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի ղեկավար Բերնար Ժանինին։

Նախարար Ցոլակյանը, ողջունելով պարոն Ժանինին, կարևորեց ասոցիացիայի և նախարարության միջև տարբեր ծրագրերի իրականացումը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ բնակչության իրազեկում, կանխարգելում, հետևանքների վերացում օղակում առանձնացրեց հատկապես իրազեկումը և այս համատեքստում բարձր գնահատեց ֆրանսիական կողմի ներգրավմամբ ուսումնական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև հայկական կողմին տրված տեխնիկական օգնությունը։

Ֆելիքս Ցոլակյանը հատուկ շեշտեց անտառային հրդեհների ժամանակ ֆրանսիական արտադրության հրշեջ մեքենաների բարձր արդյունավետությունը։

«Անզորությունը վատ բան է, ուստի անընդհատ անհրաժեշտ է քաղաքացուն պատրաստել հնարավոր արտակարգ իրավիճակներին, մինչ փրկարարի հասնելը, քաղաքացին պետք է իմանա՝ ինչպես վարվել տվյալ իրավիճակում »,- իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Ասոցիացիայի ղեկավար Բերնար Ժանինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ միաժամանակ ցանկություն և պատրաստակամություն հայտնելով շարունակել մինչ այս կատարված աշխատանքը:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը արտակարգ իրավիճակների բնագավառում մեր փրկարարների, ԱԻ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև մարզպետների, քաղաքապետերի, վտանգավոր օբյեկտների ղեկավարների` բնակչության պաշտպանության փորձին ծանոթանալու և Ֆրանսիայի Հանրապետությունում ուսուցում անցնելու գործում կարևորեց հատկապես Բերնար Ժանինի անձնական ներդրումը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Բերնար Ժանինից նաև շնորհակալություն հայտնեց Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցելու, ինչպես նաև հետագա մարդասիրական գործունեության համար։ Հանդիպման ավարտին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ֆրանսիայի Հանրապետության Մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա բարձրացնել ուսուցման գործընթացի որակը, կիրառել ուսուցման եվրոպական ստանդարտներին համապատասխան մեթոդներ` դրանով իսկ նպաստելով ինչպես Ակադեմիայի, այնպես էլ Ասոցիացիայի կարողությունների զարգացմանը։

 

Նույն շարքից