Հրադադարի խախտման դեպքերն ու հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում գրանցված կորուստները մտահոգիչ են։ Այս մասին Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը հնարավոր է կանխել՝ հետևելով հրադադարի ռեժիմին։
«Ցավոք, վերջին շաբաթների ընթացքում իրավիճակն ավելի է սրվել»,-ասել է նա՝ նշելով, որ մոնիթորինգի ընթացքում ինքն ականատես է եղել լարվածության աճին։
«Չնայած, որ տեղի հրամանատարները երկու կողմերից էլ երաշխավորել էին, որ մշտադիտարկման ընթացքում հրադադարի խախտում չի լինի և խումբն անվտանգ կլինի, կրակ բացվեց»,-ասել է նա։
Կասպշիկը նշել է, որ հրադադարի ռեժիմի պահպանման համար պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա։
«Մինսկի խմբի համանախագահները Փարիզում երկու կողմերին կոչ էին արել պահպանել հրադադարի համաձայնագրի պայմանները։ Համանախագահները նշել են, որ վերջին իրադարձությունները խոչընդոտում են բանակցություններին և նվազեցնում են խաղաղ կարգավորման հեռանկարը»,-ասել է նա։