ԱԺ հինգերորդ նստաշրջանի մեկնարկին խորհրդարան է եկել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ լրագրողների հարցերին չի պատասխանում, քանի որ ԲՀԿ-ն առաջիկայում համագումար է անելու:
«Ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանում, քանի որ մենք անելու ենք համագումար: Համագումարին իրոք կան հարցեր, որոնց պատասխանին սպասում է եւ հանրությունը, եւ դուք, եւ իմ կուսակցական ընկերները: Ձեր բոլոր հարցերին, որ պարոն Ծառուկյանը պետք է պատասխան տա, իր ասելիքն ասի, բոլորդ էլ լսեք»,- ասաց Ծառուկյանը:
Լրագրողները հետաքրքվեցին՝ այսուհետ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է ԱԺ նիստերին, ինչին նա արձագանքեց, որ եթե եկել է ԱԺ, ուրեմն մասնակցելու է:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իր կուսակիցների հետ մշտապես կապի մեջ է, եւ պարբերաբար քննարկում են իրենց անելիքները:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդը ԱԺ նիստերից ամենաշատը բացակայող պատգամավորներից է:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ ԲՀԿ-ի համագումարը տեղի կունեն փետրվարի 15-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: