ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մեկնարկին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պահանջեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Կառավարությունը խախտում է «Մասնավորեցման մասին» օրենքը և «արհամարհելով» ԱԺ-ին, առանց քննարկման վաճառում ՀՀ անշարժ գույք հանդիսացող Որոտանի ՀԷԿ-երի համակարգը։
«Վերջերս ՀՀ կառավարությունն ավելի ու ավելի է խորացնում սեփականաշնորհման հետ կապված խոշոր գործարքներում պետական գույքի մասնավորեցման մասին օրենքը խախտելու և ԱԺ-ն շրջանցելու պրակտիկան»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Խոսքը Որոտանի կասկադի վաճառքի մասին է: Մենք իմանում ենք, որ Կառավարությունը ինչ-որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ, և սեփականաշնորհումը արված է հետևյալ կերպ՝ գույքը ուղակի վաճառվել այդ ընկերություններին: Քավ լիցի , մենք որևէ խնդիր չունենք ամերիկյան ընկերություններին ինչ-որ բան վաճառելու մեջ, բայց մենք խնդիր ունենք, որ շրջանցվում է օրենքը: Օրենքը հստակ ասում է, որ միայն շարժական գույքը կարող է առանց ծրագիրն ընդունելու վաճառվել: Բայց այստեղ ամբողջ սեփականությունն է վաճառվել՝ խախտելով օրենքը»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատրաստվում այս առնչությամբ անել ԱԺ նախագահը. «Չե՞ք կարծում, որ նման կեցվածքը Սահմանադրության ոչնչացում է, ԱԺ հեղինակազրկում»։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե ինքը չի կիսում Լևոն Զուրաբյանի կարծիքը և հորդորեց մասնավոր հարցերը չկապել ԱԺ իմիջի, դերակատարության և հեղինակության հետ: Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ եթե խմբակցության ղեկավարի կարծիքով «Մասնավորեցման մասին» օրենքը խախտվել է, ապա ինքը կփորձի անդրադառնալ այդ հարցին: