ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի մեկնարկին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչու մինչ օրս իրենց հասանելիք պատիժը չեն ստացել ՀՊՏՀ այն ուսանողները, որոնք ռեկտորի հետ միասին «խուլիգանական» արարք էին թույլ տվել լրագրողների նկատմամբ:
«Դուք ՀՊՏՀ խորհրդի ղեկավարն եք, այսինքն՝ փաստացի բուհի ղեկավարը, անցյալ տարի դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի՝ այսպես կոչված ատենախոսության պաշտպանությունը և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին հետևելով՝ տպավորություն ստացանք, որ ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ, ավելի խորը ուսումնասիրելով՝ տպավորություն ստացանք, որ որջը հենց ռեկտորի կողմից է ղեկավարվում»,- ասաց նա՝ պնդելով, թե ռեկտորը հենց գլխավոր խուլիգանն է:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց խոսել ըստ էության և ավելացրեց, թե պատգամավորը շեղվում է օրակարգից և որ պատգամավորի խոսքում հարց չկար:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին արձագանքեց, թե ինչպես կարող է հարց լինել, եթե հարցին չի հասել և շարունակեց հարցնել, թե ինչու մինչև հիմա հեռացված չեն այդ խուլիգան ուսանողները, ՀՊՏՀ ռեկտորը։ «Մի՞թե միայն այն պատճառով, որ նրանք լուսանկարներ ունեն Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի հետ կամ նրանք ունեն ինդուլգենցիա ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները խախտելու»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, թե ամենաթույլ իրավաբանն էլ կասի, որ առնվազն երկու հոդվածի հետ գործ ունենք՝ լրագրողի մասնագիտական գործը խոչընդոտելու և խուլիգանության և շարունակեց, թե ուրեմն՝ ինչո՞ւ չեն կրել օրենքով սահմանված պատասխանատվություն՝ չեն հեռացվել բուհից և չեն ենթարկվել քրեական պատասխանատվության:
«Ես Ձեր տեսակետների հետ համամիտ չեմ, չեմ կիսում գնահատականը, այն համարում եմ կոռեկտության սահմաններից դուրս, և ընդհանրապես, դա Ձեզ մոտ դարձել է ավանդույթ. վիրավորելով մարդկանց՝ փորձում եք ձեր հեղինակությունը բարձրացնել։ Կոռեկտ չէ, ճիշտ չէ այլ անձանց վիրավորելով Ձեր իմիջը բարձրացնել: Եթե ունեք որևէ ծանոթ իրավաբան, ով նման կարծիք կհայտնի, ես պատրաստ եմ, որպես բուհի ղեկավար, այդ մարդկանց պատժել: Նրանք փորձել են ստվեր գցել Տարոն Մարգարյանի հեղինակության վրա»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Ընթացքում Էդուարդ Շարմազանովը պահանջում էր անջատել Նիկոլ Փաշինյանի խոսափողը, ինչը վերջինիս հունից հանեց։ Նիկոլ Փաշինյանը «ԱԺ դե ֆակտո փոխնախագահին», կոչ արեց մնալ սեփական լիազորությունների շրջանակում և չգերազանցել այդ լիազորությունները։ Այնուհետև դիմելով ԱԺ նախագահին՝ նշեց. «Եթե ասում եք, որ այդպես են արել, որ վարկաբեկեն Տարոն Մարգարյանին, թող նրան հայհոյեին, ոչ թե լրագրողներին»։