Հայաստանի ԱԺ-ում «Օրինաց Երկիր» կուսակցության խմբակցությունը խնդրել է ընդհատել ԱԺ նիստը: Այս մասին հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխությունների մասին հարցի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է հանձնաժողովի անդամների թիվը 7-ից հասցնել 11-ի:
«Առաջարկում եմ 20 րոպեով ընդմիջում հայտարարել, որ հասկանանք բոլորին»,-հայտարարել է Բիշարյանը:
ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել են, որ առաջարկում են փոփոխություններ չկատարել Հաշվիչ հանձնաժողովի կազմում:
ՀԱԿ խմբակցությունը հայտարարել է, որ եթե այդ հարցը դրվի քվեարկության, իրենք կբոյկոտեն քվեարկությունը:
«Ժառանգություն» խմբակցությունը նույնպես դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը:
Նշենք, որ Հաշվիչ հանձնաժողովի կազմն ընդլայնելու նախաձեռնության հեղինակն իշխող ՀՀԿ խմբակցությունն է: Այդ փոփոխության արդյունքում ՀՀԿ-ն հանձնաժողովում կունենա 5 տեղ: