Հասարակություն 

Մարությանի խոսնակը գովեստի խոսքեր է ասում Տարոն Մարգարյանի ժամանակ ակտիվիստների ավերած այգուն

2018 թվականի մայիսի կեսերին, երբ Երևանի քաղաքապետը դեռ Տարոն Մարգարյանն էր, ու ընթանում էին Երևանի 2800-ամյակի այգու շինարարական աշխատանքները, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ ընդդեմ այգու շինարարության: Նրանց պնդմամբ, այգու տարածքում ծառեր էին հատվել, մեծ վնաս էր հասցվել տարածքին, «խիտ անտառում» գրեթե ծառեր չէին մնացել և այլն:

Ակտիվիստները պատռում էին այգին շրջապատող պաստառները, մտնում այգու տարածք, վերցնում հատած ծառերի ճյուղերը և տանում նետում քաղաքապետարանի մուտքի մոտ: Երևանի քաղաքապետարանից պնդում էին, որ հատվել են միայն չորացած ծառերը, առողջ ծառերի տեղերն են փոխվել և մանրամասն ներկայացնում, որ ծառերին վնաս չի տրվել:

Այն ժամանակ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը, որի միջոցներով էլ կառուցվում է այգին:

Այդ օրերին ակցիաներն աստիճանաբար բերեցին Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին, իսկ օրեր անց էլ Մարգարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ու հեռացավ:

Նշյալ  օրերից անցել է մոտ մեկ տարի: Այգու շինարարությունը շարունակվեց ու շուտով այն կբացվի: Ակցիա անող ակտիվիստներն այլևս ակցիաներ չարեցին՝ անհասկանալի է, թե ինչու, քանի որ այգու մասով, կարծես թե, փոփոխություններ չեղան: Իսկ թե ինչու ակտիվիստները որոշեցին այլևս չպայքարել, յուրաքանչյուրը կարող է իր համար եզրահանգում անել:

Հավելենք, որ այսօր վերոնշյալ այգու հասցեին գովեստի խոսքեր է ասում նաև քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակը՝ Հակոբ Կարապետյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այգին շուտով կբացվի, իսկ մեկնաբանություններում, պատասխանելով դիտարկմանը, թե դրան այգի ասելը չափազանցություն է, պատասխանել է.«Չէ, լավ, որակյալ ծառեր են տեղադրել, մոտ 250 հատ: Բավական մեծ տնկիներ են, մի երկու տարուց լուրջ ծառեր կդառնան»:

Նույն շարքից