ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով Արարատի մարզում է, որտեղ նրան միացել է նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Այցի ընթացքում վարչապետը լսում է քաղաքացիներին, թե ինչ բողոքներ ունեն, ինչ լուծումներ են պահանջում և այլն:
Բարձրացված խնդիրներից մեկն էլ վերաբերում է Ավշարի դպրոցին, որտեղ արդեն մի քանի օր է կրքերը չեն հանդարտվում: Այսօր մի կին, վարչապետին մոտենալով, ասաց, որ դպրոցում արդեն 5 օր է դաս չկա: «Ինչո՞ւ»,-հարցրեց վարչապետը: «Չգիտեի՞ք, տեղյա՞կ չեք»,-արձագանքեց քաղաքացին:
Խոսակցության շատ արագ միջամտեց մարզպետ Սարգսյանը, ով կանգնած էր հարևանությամբ. «Պարոն վարչապետ նոր տնօրեն է ընտրվել՝ 7 կողմ, 1 ձեռնպահ ձայնով: Առաջին օրը խոսակցություն է եղել ուսմասվարի աշխատել-չաշխատելու հետ կապված: Էսօր աշակերտներն ու ծնողներն ասում են, որ տնօրենը պետք է չաշխատի, սակայն ամեն ինչ օրինական է եղել»:
Վարչապետին մոտեցած կինն իր հերթին ասաց. «Նորանշանակ տնօրենն ուղղորդված է դպրոց եկել, իր հետ բերել է նոր ուսմասվար, որը բերակամական կապեր ունի մեր մարզպետի հետ, նրա մորաքրոջ հարսն է»:
«Վերջացրեք էլի, ինչ լինում է, մորաքրոջ հարսն ա: Ում անունը, որ շոշափվում է, իրականում իմ մորաքրոջ հարսն ա, բայց նշանակություն չունի դա»,-ասաց մարզպետը:
Քաղաքացին իր հերթին նշեց, որ ուսմասվարը, ով ամբողջ կյանքը նվիրել է դպրոցին, 40 տարվա ստաժ ունի, նույնիսկ չի ամուսնացել, օրիորդ է, կոպիտ կերպով հանում են:
Վարչապետն ասաց, որ հարցով կզբաղվի: