«Լինում են իրադարձություններ, երբ դժվար է լինում չտրվել դավադրությունների տեսություններին։ Կան նշանային դեպքեր և անկախ նրանից, թե կազմակերպված ու ուղղորդված են, թե ոչ, դառնում են խորհրդանշական իրադարձություն։
Նոր Զելանդիայի մզկիթներում կատարված գնդակահարություններն այդ շարքից են, որի արդյունքում մոտ 50 մարդ զոհվել է, այդքանն էլ հիվանդանոցներում են։
Ակնհայտ է, որ դա կազմակերպված և պլանավորված է։
Հիմա փորձենք հասկանալ այդ ակտի խորհրդանիշները։
28 տարեկան Բրենթոն Թարանթը գնդակահարության ճանապարհին լսել է Կարաջիջին նվիրված սերբական երգ, որը մեղադրվում էր Բոսնիայի մուսուլմանների սպանության մեջ։ Ինքնաձիգի վրա կային տարբեր մակագրություններ, այդ թվում հայերեն «Սարիղամիշի ճակատամարտ», որի ժամանակ (ռուս-թուրքական պատերազմ) տասնյակ հազարավոր թուրք զինվորներ են զոհվել ու որը 1915 թվականի հայերի ցեղասպանության պատճառներից մեկն էր, թուրքերի կողմից Վիեննայի պաշարման տարեթիվը և այլն։
Ահաբեկիչը իր ակտը համարում է Ստոկհոլմում իսլամիստ ահաբեկիչի կողմից իրականացրած գործողության պատասխան։ Նա կոչ է անում սպանել Մերկելին, Էրդողանին ու Լոնդոնի մուսուլման քաղաքապետին։
Փաստորեն ահաբեկչության «շահառուների» աշխարհագրությունը շատ մեծ է վերցվել, ըստ երևույթին, որ արձագանքը նույնպես մեծ լինի։
Իր ուղերձում ասել է, որ «սպիտակ ռասան» վտանգի տակ է ու նաև ասել, որ Կոստանդնապոլսի բոլոր մզկիթները պետք է ավերվեն։
Հատկապես տարօրինակ է, որ ահաբեկիչի հետ բանավեճի մեջ է մտել Էրդողանը, նրան պատասխանելով, որ մինչև կա թուրք ազգը և նրա ոգին, Սոֆիայի մզկիթը ուղղափառ եկեղեցի չի դառնա։ Տարօրինակ արձագանք է մարդասպան ահաբեկիչին, փաստորեն Թուրքիայի նախագահը գաղափարական վեճի մեջ է մտել ահաբեկիչի հետ, կամ էլ այլ մարդկանց հետ, ովքեր, իր կարծիքով, կանգնած են այդ ակցիայի ետևում։
Այս ակցիայի տարօրինակությունները թվարկածներով չեն ավարտվում, սպասենք գնահատականներին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։