Քաղաքական 

Թող մեր իշխանությունները, մեր սիրելի Նիկոլը, հասկանան մեր տառապանքները, հանեն մեզ մահվան այս գերեզմանից. Ցմահ դատապարտյալ

Analitik.am-ը ցմահ դատապարտյալ` Ստեփան Գրիգորյանից նամակ է ստացել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Սիրելի հայրենակիցնե´ր, բարի´ մարդիկ, շարունակում եմ ձեզ ներկայացնել Հայկական Գուլագի դաժան պատմության շարունակությունը, որի նպատակն է, որ ոչ թե խղճաք մեզ, այլ իմանաք, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են մեզ պահել այն ժամանակվա իշխանությունները:

Համակարգը ներքին հրահանգ էր ստանում, որը նրանց աշխատակիցներին թույլ էր տալիս մեր հանդեպ ցուցաբերել լկտի, անմարդկային ու ցինիկ վերաբերմունք: Մեր ներկայությամբ մեկը մյուսին ասում էր, որ եթե սրանցից ամեն մեկի համար 2 հազար դրամ տան, ի կատար կածեմ սրանց մահվան դատավճիռները: Այդ սպանդանոց - դժոխքի խցերի ողջ տարածքում վխտում էին փայտոջիլները: "Սեղան" կոչվածի մոտ փայտոջիլներն այնպես էին քրքրում ձեռքերդ, որ նստելն անհնար էր: Ճիշտն ասած, այդ "սեղանի" մոտ նստելու կարիք էլ չկար, քանի որ այդ "ճաշատեսակներն" այնպիսին էին, որ իրեն հարգող խոզն անգամ չէր ուտի որդերով լցված գարշելի այդ լափը: Հաց կոչվածի միջուկն ամբողջությամբ թափվում էր, քանի որ կիսահում ու թաց խմոր էր:

Բժշկության մասին խոսք անգամ լինել չէր կարող, քանի որ պատկերացում չունեինք` դա բուժաշխատող է, թե՝ ոչ: Բոլորի աշխատակիցների պահվածքներն իրարից բացաձակապես ոչնչով չէին տարբերվում:

Սակայն հիշում եմ, որ նրանք իրար հերթ չէին տալիս, քաշելու, հեռացնելու մեր ատամները, քանի որ գտնում էին, որ մեր արդեն կիսամեռ օրգանիզմներն այլևս ատամի կարիք չունեն:

Այս դժոխային պայմաններին չդիմանալով, ծեծից ու սովից շուրջ 15 դատապարտյալ իրենց մահկանացուն կնքեցին: Մնացածներս էլ պարզապես գոյատևում էինք՝ խավարի մեջ սպասելով ու հուսալով միայն Աստծու լույսին ու գթասրտությանը, ինչ-որ հրաշքի էինք սպասում:

Սիրելի ընթերցողներ, շատ մանրամասներ չեմ ցանկանում գրել, խնայելով ձեզ, քանի որ դժվար է դրան դիմանալ ու չվատանալ: Ֆաշիստական ճամբարների դաժանությունների մասին ֆիլմեր շատերդ եք տեսել: Ամեն դեպքում, հրաշքը կատարվեց, հեղափոխություն եղավ, փոխվեց իշխանությունը, հույսով լցվեցինք:

Սիրելի´ ժողովուրդ, բարի մարդիկ, մենք հրաշքով ենք կենդանի մնացել, թող մեր իշխանությունները, մեր սիրելի Նիկոլը, հասկանան մեր տառապանքները, հանեն մեզ մահվան այս գերեզմանից:

Արդեն 25 տարի տառապել ենք, հասկացանք Աստծուն, կյանքի ու ճիշտ ապրելու գինը, ուզում եմ տեսնեմ թոռնիկներիս, ուզում եմ գրկեմ... Տվե´ք ինձ այդ հնարավորությունը:

 

Նույն շարքից