Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին մասնակցելուց չորս խմբակցությունների հրաժարվելը դրա աշխատանքի ընդհատման պատճառ կդառնա. Կանոնակարգը հանձնաժողովին թույլ է տալիս աշխատել միայն երկու խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, նախաձեռնության հեղինակ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով իշխող կոալիցիայում չընդգրկված խորհրդարանական չորս խմբակցությունների՝ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին չմասնակցելու որոշումը:
«Խոհրդարանական մեծամասնությունը խորհրդարանում պատասխանատու է ամեն ինչի համար: Նախկինում մենք համաձայնության էինք եկել խորհրդարանական ընդդիմության հետ եւ նրանց մասնակցությամբ ձեւավորել հաշվիչ հանձնաժողով: Փոփոխության անհրաժեշտությունը ծագել էր, քանի որ նրանց թվացել էր, թե իրենք կարող են չորսով հավաքվել, նիստ անցկացնել եւ հանձնաժողովի նոր ղեկավար ընտրել», - ասել է Սահակյանը՝ նշելով, որ այդպիսով չորս խմբակցությունները փորձում են ցույց տալ իրենց բուռն գործունեությունը: Նա նաեւ հավելել է, որ ընդդիմադիր պատգամավորները, հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելով, հաշվի չէին առել, որ խորհրդարանի ցանկացած նիստի սկզբում հաշվիչ հանձնաժողովը նորից է ձեւավորվում: