Քաղաքականություն 

Հայաստանի և Բելառուսի ԱԳՆ-ների միջև կայացան համաեվրոպական թեմատիկայով խորհրդակցություններ

Մարտի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան Հայաստանի և Բելառուսի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ համաեվրոպական թեմատիկայով։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետի պ/կ Տիգրան Սամվելյանը, իսկ ԲՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ Եվրոպայի և Հս. Ամերիկայի հարցերով գլխավոր վարչության պետ Անդրեյ Բուշիլոն։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-ԵՄ և ԲՀ-ԵՄ երկկողմ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական օրակարգերը, մասնավորապես, անդրադարձ կատարեցին ԵՄ-ի հետ ինչպես արդեն կնքված, այնպես էլ դեռևս բանակցվող համաձայնագրերին, առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ թարմացված վիճակագրությանը։

Զրուցակիցները քննարկեցին նաև ԵՄ Արևելյան գործընկերության տասնամյակի տոնակատարմանը նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝ մտքեր փոխանակելով նաև Հայաստանում և Բելառուսում ԱլԳ շրջանակներում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։

Այնուհետև կողմերն անդրադարձ կատարեցին հայ-բելառուսական համագործակցությանը միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ԵԱՀԿ և ԵԽ շրջանակներում։ Քննարկվեցին նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։

Խորհրդակցությունների ավարտին բելառուսական կողմը հայկական կողմին հրավիրեց Բելառուս՝ միջգերատեսչական խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնելու նպատակով։

 

  • 91
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    93
    Shares

Նույն շարքից