Քաղաքական 

ՍԴ անդամները նույնիսկ աշխատավարձ ստանալու իրավունք չունեն, ինչ մնաց 450.000 թոշակ. Ն. Փաշինյան

 

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ սոցապ նախարարին հարցրեց, թե ինչու է Կառավարությունը ցանկանում նման որոշում ընդունել և հայտարարեց, թե ՍԴ անդամները՝ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ ,ոչ միայն բարձր թոշակ, այլև նույնիսկ աշխատավարձ ստանալու իրավունք չունեն։

«ՍԴ անդամների համար այս օրենքով ապահով ծերություն է ապահովվում, ինչը, ճիշտն ասած, այնքան էլ, ինչպես կասեր ՀՀԿ ղեկավարը, սիրուն չի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և ապա շարունակեց, թե պարզ է, թե ինչու համար են շահագրգռված բարձրացնել ՍԴ անդամների թոշակը. ՍԴ-ը իշխանության ու կառավարության հետ «նույն խաղի մեջ է»։

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առարկությամբ այդ օրենքը, որով անհրաժեշտ է կրկին անգամ քննարկել ՍԴ անդամների կենսաթոշակի հարցը և բարձրացնել մինչև 450 հազար դրամ, ԱԺ էր վերադարձվել։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մամուլի հրապարակմանը, ըստ որոնց՝ Գագիկ Հարությունյան եղբայր Արզուման Հարությունյանը կարող է նշանակվել ԱԼԱԾ պետի առաջին տեղակալ։ «Եվ ես հույս ունեմ, որ Գագիկ Հարությունյանն ու իր ընտանիքը երբևէ ընդդիմությանը շնորհակալություն կհայտնեն իրենց ընտանիքի բարեհաջող կարիերայի ու ապահով ծերության համար»,– ասաց նա:

Արտեմ Ասատրյանը պատասխանում նշեց, որ համամիտ չէ այդ տեսակետի հետ և որ բոլոր փոփոխություններն իրավական համապատասխան ուժ ունեն:

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով նախարարին՝ պնդեց, թե ՀՀ-ում, որտեղ միլիոնից ավել մարդ գտնվում է աղքատության գծից ցածր, ինչու պիտի ՍԴ անդամը այդքան կենսաթոշակ ստանա: «Այն էլ այն ՍԴ անդամը, որ պատասխանատու է ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակի համար, ի՞նչի պիտի 450 հազար կենսաթոշակ ստանա: ՍԴ անդամները իրենց նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ նույնիսկ աշխատավարձ ստանալու իրավունք չունեն, ինչ մնաց այդքան թոշակ»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: 

Նույն շարքից