Քաղաքական 

Փաշինյանի հարցին նախարարը չպատասխանեց

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, որ եթե ՍԴ կասեցրել է պարտադիր կենսաթոշակային վճարման համար պատասխանատվության ենթարկելու մասին հոդվածի կիրարկումը, ինչո՞ւ է Կառավարությունը պարտադրում գործատուներին՝ աշխատողների աշխատավարձերից կատարել այդ վճարումները։

 

«Եթե մարդը պատասխանատվություն չի կրում որևէ բանի համար, ուրեմն դա պարտադիր չէ։ Փաստորեն Ձեր Կառավարությունը գործատուներին պարտադրում է անել մի գործողություն, որը պարտադիր չէ, կարող ե՞ք այս իրավիճակը պարզաբանել»,-հարցրեց նա։

 

Նախարարը պատասխանեց, թե պարտաճանաչ գործատուները օրենքով սահմանված պարտավորությունները կատարում են։ «Եվ կարծում եմ, որ դա ճիշտ է, որովհետև օրենքի դրույթների կատարումը չպետք է պայմանավորված լինի դրա չկատարման համար սահմանված որոշման հանգամանքով»,-նշեց նախարարը։

 

Պատասխանը չգոհացրեց պատգամավորին, ով խնդրեց հստակ պատասխանել. «Աշխատողը կարող է ասել գործատուին, որ ՍԴ որոշում կա և պահանջում եմ իմ ամբողջ աշխատավարձը տալ։ Հիմա գործատուն ոչ այս, այլ մյուս օրենքներով կտուգանվի՞, թե ոչ»։

 

Նախարար Ասատրյանը կրկնեց, թե գործատուներն ունեն օրենքով սահմանված պարտավորություն՝ կատարելու պարտադիր վճարումներ այն անձանց համար, ովքեր պարտադիր «կուտակայինի» մասնակից են։ «Հետո այն անձինք, ովքեր կամավոր միանում են պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգին, իսկ այսօր այդպիսի անձինք կան, ինչպես նաև գործատուները ևս պարտավոր են կատարել պարտադիր վճարումներ։ Եվ նորից եմ ասում, որ եթե օրենքով կասեցված է, դա չի նշանակում, որ պարտաճանաչ գործատուները վճարում են՝ ելնելով սանկցիաների կիրառումից կամ չկիրառումից։ Ինչ վերաբերում է այլ մարմիններին՝ պատասխանատվության ենթարկվելու են, թե ոչ՝ այս պահին չեմ կարող պատասխան տալ»,-ասաց նա։ 

Նույն շարքից