«Գազային պայմանագրերի» հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով, ԱԺ ոչ իշխանական ուժերն առաջարկում են ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
Հիմնական զեկուցող, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, թե ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Հայ ազգային կոնգրեսն» ու «Ժառանգությունը», առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կփորձի ստանալ այն հարցերի պատասխանները, թե, օրինակ՝ ինչպես է կուտակվել գազի 300 մլն դոլար պարտքը, ինչպես է հաշվվում ու որոշվում գազի գինը և ինչպես է առաջացել մանրամեծածախ և սպառողների գների միջև եղած տարբերությունը։
Արամ Մանուկյանը նշեց, թե հարցերը շատ են, բայց այս հարցերը հասարակությանն ամենից շատն են հուզում: «650 հազար սպառող կա, բայց այս ամենը արվել է գաղտնի, պահվել է գաղտնի, և մենք ուզում ենք այդ խորհրդավոր մթնոլորտը պարզել, որի հարցերի պատասխանները արդեն մի քանի ամիս է չեն տրվում»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
Արամ Մանուկյանը նշեց, որ պետական նման պարտք կուտակվել չէր կարող, քանի որ պետական ծրագրերում արտակարգ դեպք կամ ֆորս մաժոր տեղի չի ունեցել։ «Ոչ մի քաղաքացի կամ ոչ մի հիմնարկ չի հրաժարվել մուծումներից, բոլորը մուծում են արել «ՀայՌուսգազարդին»՝ գազ քաշելու համար»,- նշեց նա:
ՀԱԿ պատգամավորը նշեց, որ հանձնաժողովը կլինի բազմակուսակցական, որը աշխատանքներն ավարտելուց հետո համապատասխան զեկույց կներկայացնի ԱԺ-ին։
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող Արամ Մանուկյանից հետաքրքրվեց. «Դեկտեմբերի 2-ին, երբ «գազային պայմանագրերը» ընդունվեցին, տեղեկություն ունե՞ք, հենց այսօր պարտք կուտակվո՞ւմ է, թե՞ ոչ»:
Արամ Մանուկյանը հղում արեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի ավելի վաղ արված հայտարարությանը: «Ես հիշում եմ Արմեն Մովսիսյանի ասածները, որ նա հայտարարեց, թե մենք դեռևս ունենալու ենք 600 մլն-ի բեռ, որը լինելու է մինչև 2018 թվականը: Ես խոստովանում եմ, որ չեմ հասկանում սա ի՞նչ է նշանակում։ Ի՞նչ է նշանակում բեռ ենք ունենալու։ Կամ ասում է 150 մլրդ-ը զեղչեցին, տվեցին, ինչի՞ են զեղչել, ես չգիտեմ այս հարցի պատասխանը: Պայմանագրեր կա՞ն, որտե՞ղ է գրված, որ զեղչելու են մեր լավ ու սիրուն աչքերի համար: Հենց այս խութերի համար է հարկավոր ստեղծել հանձնաժողով, սա հայ ժողովրդի պատմության մեջ ամենախորհրդավոր գործարքն է, ինչը մենք պետք է բացահայտենք»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, թե պայմանագրերն ուղղված են Հայաստանի տնտեսության ինքնուրույնության վերացմանը և ապա ավելացրեց, որ սա խայտառակ պայմանագիր է։ «Չգիտեմ, Մոզամբիկի հետ մի էսպիսի պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ»,- հարցրեց նա։
Արամ Մանուկյանն էլ ասաց, թե ԱԺ-ն պետք է ընդունի օրենք 5-10 տարուց ավել պայմանագիր չկնքելու մասին։
Գագիկ Ջհանգիրյանն էլ հավելեց, որ այս պայմանագրով Հայաստանի Սահմանադրությունն է առ ոչինչ դառնում: «Ապագա նախագահներն ու ԱԺ-ն չեն կարող ինչ-որ բովանդակությամբ պայմանագրեր ստորագրել, օրենքներ ընդունել: Եկեք մի հատ հասկանանք՝ ի՞նչ է կատարվում: Մեր ամբողջ տնտեսության սուվերենիտետը մենք սրանով կորցրել ենք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։
Հարց ուղղեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքոնյանը, ով նշեց, թե հսկայական աշխատանք է տարվել։ Ի վերջո, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ժպտալով հարցրեց. «Պարոն Մանուկյան, Դուք հանդես եք գալիս 4 խմբակցությունների անունից, ինչո՞ւ չեք քննարկել մյուս քաղաքական ուժերի հետ»։
Արամ Մանուկյանը պատասխանեց, թե գոնե երկու պատճառ կա։ «Մեկն այն, որ բազմաթիվ անգամ դիմել ենք այս փաստաթղթերը ստանալու։ Ես դիմել եմ հենց ՀՀԿ-ին, ոչ մի անգամ չտեսա այն ցանկությունը, որ ՀՀԿ ղեկավարը ցանկանում է այդ փաստաթղթերը տեսնել։ Որևէ նախաձեռնություն չի եղել ՝ բացահայտելու վերջին իրողությունը։ Եվ գազի պայմանագրի հաստատումը, մենք այն անգամ էլ դիմեցինք, որ մի՛ քվեարկեք այն պայմանագիրը, որի մեջ չգիտեք ինչ կա, բայց իրենք քվեարկեցին, ելնելով նրանից, որ ձեր շահերից չէր այս փաստաթղթերը բացահայտելը, սակայն հիմա էլ դիմում եմ ձեզ՝ եկեք բացահայտենք»,- ասաց Մանուկյանը։
Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Երևի դուք էլ եք զգում, որ ճիշտ չեք արել, ճիշտ կլիներ, որ առաջարկեիք, կազմմանը մասնակցեին նաև մյուս քաղաքական ուժերը, բերել եք մի նախագիծ, որ իրենց հետ չեք համաձայնեցրել»,- ասաց նա։ Արամ Մանուկյանը հակադարձեց, թե ինքը հենց իշխող ուժին համաձայնագրի համար 23 անգամ դիմել է։ ԱԺ նախագահը համաձայնեց. «Այո, դիմել եք և ստացել եք»։
Արամ Մանուկյանը եզրափակեց. «Կոչ եմ անում բոլոր խմբակցություններին՝ հանրապետության բոլոր բնակիչներին հուզող հարցի հետ կապված ստեղծել հանձնաժողով՝ բացահայտելու գազային պայմանագրերի մութ կողմերը»:
Սկզբնաղբյուրը՝ tert.am