Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո հանրության շրջանում կառավարության քաղաքականության հանդեպ վստահության լուրջ անկում է գրանցվել։
Ինչպես տեղեկացնում է Zaman օրաթերթի կայքը, «Ջիհան» տեղեկությունների հավաքման և ուսումնասիրման կենտրոնի իրականացրած հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 71.3%-ի համոզմամբ՝ երկրում սկսված ճգնաժամից դուրս գալու համար նախագահը պետք է ավելի ակտիվ լինի։
Հարցվածների 60%-ը համոզված է, որ տեղի ունեցածը ոչ թե նախընտրական շրջանում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարված հասցնելուն էր ուղղված, ինչպես պնդում է ինքը, այլ իսկապես կաշառակերության բացահայտում էր։
Նախարարների որդիների ձերբակալությունները ճիշտ են համարում հարցվածների 81%-ը, իսկ դեմ են ընդամենը 8.8%-ը։
Համաձայն հարցման արդյունքների՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշն ընկել է, սակայն այն դեռ շարունակում է առաջատարը մնալ հաջորդ ընտրության վերաբերյալ հարցումներով։
Ներկայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 36.4%-ը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության օգտին՝ 28,8%-ը։
Հարցմանը մասնակցածների 47%-ը ցանկանում է նախագահի պաշտոնում դարձյալ տեսնել Աբդուլլահ Գյուլին և միայն 17.5%-ն է նախընտրությունը տվել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։