Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ տասը օր առաջ հանդիպել է Վանաձորի, Գյումրիի իր կողմնակիցների հետ: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներից հետո ասաց. «Այն ինչ գրում են թերթերն ու Ֆեսյբուքը, չի համապատասխանում այն իրականությանը, երբ անձնապես ես շփվում մարդկանց հետ»,- ասաց փոխնախագահը:
Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ աշխատում են բոլորը. «Նույն այդ ընդդիմադիր ուժերը, լրագրողները պետք է պայքարեն իշխանությունների դեմ, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի»:
Լրագրողների այն հարցին, թե ինչու կուսակցության նախագահը չի հայտնվում քաղաքական ասպարեզում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ է երեւում, քան մյուսները: Օրինակ հենց հունվարի 10-ին Շանթ Հարությունյանի համար կազմակերպված ակցիային Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում էր»: