Գիտություն Հասարակություն 

Բուհերի ուսանողներն ուսումնառության գործընթացի մի մասը կանցկացնեն գործատուի մոտ. նախարարությունը կներդնի դուալ կրթության համակարգ

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել միջին մասնագիտականում արդեն փորձարկված դուալ կրթության համակարգը: Բուհերի ուսանողներն ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան իրենց ընտրած ոլորտում հմտանալ` գործատուների մոտ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է սպասվող համակարգի ու դրա առավելությունների մասին:

«Բարձրագույն կրթության ոլորտում դուալ համակարգը ենթադրում է գործատուների հետ շատ սերտ կապ` պրակտիկաների և աշխատանքային փորձի ձեռքբերում ուսումնառության գործընթացում: Շատերն են բողոքում, որ ավարտելուց հետո աշխատանքի ընդունվելիս պահանջում են աշխատանքային փորձ: Հաճախ այս աշխատանքային փորձի բացակայությունը հանգեցնում է նրան, որ տևական ժամանակ մեր շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնել: Հիմա այս համագործակցությամբ և պրակտիկաների ինստիտուտի խորացմամբ պետք է այդ հնարավորությունը ստեղծենք, որ ուսումնառության գործընթացում տվյալ մասնագիտությունը ստացող ուսանողը հնարավորություն ունենա հմտանալու այդ ոլորտում պրակտիկայի միջոցով: Սա կլուծի մի քանի հարց, որոնցից ամենակարևորն արդեն ուսումնառության ընթացքում պրակտիկ գիտելիքների ձեռքբերումն է»,-ասել է նախարարը:

Դուալ կրթության ներդրման պարագայում ուսանողն ուսումնական գործընթացի մի մասն անցկացնելու է բուհում, մյուս մասը`գործատուի մոտ աշխատանքի վայրում: Համակարգի ներդրման պարագայում, օրինակ, բուհերում կլինեն մոդուլներ, որի համար անհրաժեշտ կլինեն կրեդիտներ` նման պրակտիկաների միջոցով: Նախարարը նկատեց` տարբեր երկրերում տարբեր մեխանիզմներ կան:  Երկրներ կան, որտեղ բուհն է ստեղծում նման պրակտիկաների հնարավորություններ, երկրներ կան, որտեղ ուսանողն ինքն է որևէ հաստատությունից կրեդիտներ բերում: Կա նաև երկուսի համադրության տարբերակը: Հարությունյանի կարծիքով` Հայաստանում հավանական է երրորդ տարբերակի կիրառումը: Նա, սակայն, շեշտել է, որ ամեն ինչ դեռ նախնական փուլում է: «Դա դեռ սաղմնային վիճակում գտնվող գաղափար է, որը շատ հնարավոր է, որ իր արտացոլումը գտնի Բարձրագույն կրթության մասին օրենքում»,-նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ դուալ կրթության համակարգը ներդրվել էր միջին մասնագիտական կրթության ոլորտում: Համակարգը, սակայն, ներդրված է ոչ բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Հիմա պետությունը ձգտում է, որ այս գործընթացն ընդլայնվի: Հարությունյանն այդ առումով բարձրագույն ուսումնական հաստատություններում նման պրակտիկայի կիրառումը նույնպես կարևոր է համարել:

Դուալ կրթական համակարգը 2017-ից նախնական իրականացվել է Հայաստանի չորս միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` չորս մասնագիտությունների գծով: Պիլոտային ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններն են Տավուշի տարածաշրջանային քոլեջը (ավտոմեխանիկների, ավտոէլեկտրիկների պատրաստման գործընթաց), Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջը (գինեգործություն), Երևանի հումանիտար քոլեջը (տուրիզմ), Շիրակի տարածաշրջանային քոլեջը (ՏՏ ոլորտ):

Շիրակի տարածաշրջանային քոլեջի ուսումնական հարցերով փոխտնօրեն Անահիտ Կարապետյանը նշեց, որ դուալ կրթական համակարգով ուսանողները յուրաքանչյուր մոդուլի տեսական մասը քոլեջում են ուսումնասիրում, իսկ պրակտիկ մասն անցկացնում են տվյալ գործատուի մոտ: «Երկրորդ կուրսեցիները պրակտիկա են անցնում շաբաթական մեկ օր, իսկ երրորդ կուրսեցիները` երկու օր: Ուսանողները պրակտիկայի են գնում հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում»,-նշել է փոխտնօրենը:

Նրա կարծիքով` համակարգի արդյունքները դրական կլինեն, քանի որ ուսանողները համատեղության կարգով սովորում են տեսությունը, իսկ հետո պրակտիկ պարապմունքներ անցնում:

 

Նույն շարքից