Հասարակություն 

Այդ պաշտոնյաներին ասել ենք, որ կամավոր հողերը վերադարձնեն պետությանը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ժամանակին Հայաստանում սեփականաշնորհվել են բազմաթիվ հողատարածքներ, դրանք այսօր չեն օգտագործվում, և այն մարդիկ, ովքեր հույս ունեն դրանք օգտագործել, չեն կարողանում դա անել՝ իրավական պատճառներով: Արդյոք հնարավոր է ետ գնալ և այդ գործարքները նորից ուսումնասիրել: Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց լրագրողներից մեկը:

Փաշինյանն ասաց, որ դրա հետ կապված կան կոնկրետ գործընթացներ. «Երբ ես անցած տարի այցելեցի Մեղրու անցակետ, արձանագրեցի, որ Մեղրու ազատ տնտեսական գոտին ընդհանրապես հողատարածք չունի: Բնականաբար դա տաօրինակ փաստ էր: Մենք սկսեցինք այդ հարցով զբաղվել և պարզեցինք, որ մի շարք բարձրաստիճան հայտնի պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ հողակտորները սեփականաշնորհել են՝ որպես կառավարության ներկայացուցիչ իմանալով, որ նախագիծ է իրականացվելու: Սեփականաշնորհել են ծիծաղելի գներով: Առաջին բանը, որ մենք արեցինք, ինչի համար մեզ կքննադատեք, լուր ուղարկեցինք և ասացինք, որ չի կարող այդպես լինել, խնդրեցինք, որ կամավոր հողերը վերադարձնեն պետությանը: Նրանք մերժեցին, իսկ մենք մանրամասն ծանոթացանք գործընթացին: Քրեական գործ է հարուցվել, և կասկած չկա, որ այդ քրեական գործով կպարզվի, որ տեղի է ունեցել չարաշահում:

Հաջորդը, օրինակ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն մինչև գործը դատարան ուղարկելը, բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել և գործերն ուղարկել է Տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի կեղծ աճուրդները չեղյալ համարվեն, հողերը վերադարձվեն համայնքներին: Այս գործընթացը պետք է շարունակվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ չի կարող ասել, թե բոլոր սեփականաշնորհված տարածքները պետք է վերադարձվեն. «Կարող ենք ասել՝ բոլոր այն դեպքերում, երբ տեղի է ունեցել ապօրինություն, հողերը կվերադարձվեն պետությանը, որովհետև մենք ունենք հողի խնդիր: Այսօր կան ներդրումային ծրագրեր, որոնք չեն իրականանում այն պատճառով, որ նախկին պաշտոնյաները սեփականաշնորհել են հողակտոր և հիմա 10 անգամ ավելի շատ գումար են ուզում այն վաճառելու համար: Ես երկու օր առաջ եղա Ռանչպար համայնքում, մարդիկ խոսում էին ավազահանքերի մասին: Պարզվեց, որ սեփականատերերը նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներ են: Հիմա ՊՎԾ-ն պետք է ստուգի գործարքի իրավական լինել-չլինելու հարցը»:

Նույն շարքից