Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Պարոն քաղաքապետ, Դուք կարծո՞ւմ եք, որ մեր երիտասարդների համար օրինակելի պետք է լինեն սերիալային կերպարները. Անի Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին

analitik.am

Այսօր՝ մարտի 19-ին, Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Լույս» դաշինքի անդամ Անի  Խաչատրյանը  քաղաքապետ Հայկ Մարությանին հիշեցրեց նրա ու նրա թիմի անտարբերության մասին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60 ամյակի նկատմամբ. «Ինչու՞ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի փողոցում այդպես էլ չհայտնվեց նրա  անունը կրող պաստառ՝  նշում՝ ազդարարելու մեծ հայի 60-ամյա տարեդարձը, դա խո՞րթ էր քաղաքական իշխանության կոմերցիոն մտածողությանը, թե՞ քաղաքապետն ու նրա թիմը հակադրվում են Կառավարությանը։ Արդյոք Հայկ Մարությանն իրապես կարծում է, որ ազգային հերոսի կոչում ու սպարապետ պատվանունը կրող Վազգեն Սարգսյանը չի ասոցացվում մեծերի կամ հաղթանակածների հետ, ո՞րն է հերոսության հաղթանակի ձեր չափանիշը, պարոն քաղաքապետ։ Այնպիսի տպավորություն է, որ քաղաքային իշխանությունն իր վարքագծով միտումնավոր նվաստացրել է Վազգեն Սարգսյանի տարեդարձին նվիրված միջոցառումներին հանրային քարոզչական նշանակությունը»։

Իր ելույթում Անի Խաչատրյանն անդրադարձավ նաև սերիալային կերպարներին. «Պարոն քաղաքապետ, իսկապես, Դուք կարծո՞ւմ եք, որ մեր երիտասարդ հասարակության համար օրինակելի պետք է լինեն ոչ թե ազգային հերոսները, այլ սերիալային կերպարները կամ քաղաքական կողմնորոշում փոխող կոմերսանտները»։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը եռաբլուր գնալու հետ կապված  նշեց․ «Ես միշտ այցելել եմ, այցելում եմ և կայցելեմ, այդ հարցի շուրջ հանրությանը հայտնի է իմ դիրքորոշումը, իսկ ինչ վերաբերում է միջոցառումներին, մենք նախատեսել ենք»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու հերթական նիստն է ընթանում։

Նույն շարքից