Հասարակություն 

Եթե այսօր ընտրություններ լինեն, Իմ Քայլը դաշինքն ավելի շատ ձայն կհավաքի. Նիկոլ Փաշինյան

Եթե այսօր ընտրություններ լինեն, ես համոզված եմ, որ Իմ Քայլը դաշինքն ավելի մեծ տոկոսով կհաղթի: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գրում են, որ Հայաստանում ներքաղաքական խմորումներ են:Այդ  ամեն ինչը տեղի է ունենում երեք սենյակում, ես դրանց տեղը գիտեմ: Այդ սենյակներում գործող անձնանց մի մասը արագ-արագ գալիս են մեզ պատմում, թե այնտեղ ինչ է տեղի ունենում»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքերով, անկախության ողջ ընթացքում Հայաստանում ներքաղաքական իրավիճակն այնքան կայուն չի եղել, որքան այսօր. «Սա ոչ թե ռեպրեսիվ կայունության է, սա ժողովրդավարական կայունություն է: Իմ կարծիքով պետք է գնահատել այն քաղաքական բովանդակային փոփոխությունը, որը Հայաստանում տեղի է ունենում: Շատ դրսևորումներ կան, որոնք տարընթերցման տեղիք են տալիս: Նախկինում եղել է երկրի ղեկավար, ով աշխատել է հազարապետերի, հարյուրապետերի, տասնապետերի հետ: Երբ նա խնդիր է ունեցել, կանչել է նրանց, ասել, թե ինչ պետք է արվի, և դրա դիմաց ինչ-որ բան է տվել: Հազարապետերն իրենց հերթին կանչել են հարյուրապետերին և այդպես շարունակ: Ինչ-որ բաներ իրար տալով խնդիրներ են լուծել: Հիմա ողջ համակարգը փլուզված է, իշխանությունն ուղիղ խոսում է ժողովրդի հետ: Փաստորեն հազարապետերն ու մյուսները դուրս են եկել պրոցեսից, դրա համար անում են ինչ-որ բաներ, որ իշխանությունն իրենց նկատի՝ դա անելով տարբեր ձևերով: Ուզում են, որ իշխանությունը կանչի հարցնի, թե օրինակ ինչքան է իրենց չհայհոյելու վճարը և այլն: Այդ մարդկանց մի մասը չեն հասկանում, որ իրենց համակարգը հոգեվարքի մեջ է, իսկ մյուս մասը դա ներկայացնում են որպես տուրբուլենտություն»:

Փաշինյանը նաև խոսեց այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկեց և թռավ Նյու Յորք. « Ընտրությունների ժամանակ ես եկա, քվեարկեցի և թռա Նյու Յորք, ես օդում էի ամբողջ ընթացքում, սա էլ է աննախադեպ, երբ երկրի ղեկավարը քվեարկել ա ու թողել գնացել: Ճանապարհին տարբեր մարդիկ ինձ հարցնում էին՝ իսկ ձեր կարծիքով Իմ Քայլը դաշինքն ընտրություններում ինչքան ձայն կհավաքի, կհաղթի՞, ասում էի՝ լուրջ եք հարցնում, ասում էի՝ չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում, ասում էին՝ տեսնում ենք, ՖԲ-ում:

Փաշինյանը նաև նշեց, որ շատ մարդիկ չեն հասկանում, որ երկրում փոփոխություններ է տեղի ունեցել.« Եկեք իրար հետ դուրս գանք փողոց, գնանք ցանկացած գյուղ, ցանկացած բնակավայր, մտնենք ցանկացած տուն, չեն հասկացե՞լ մարդիկ, որ երկրում տեղի է ունեցել փոփոխություն, էսօր իշխանությունը ժողովրդի հակառակորդը չի, ժողովրդի մրցակիցը չի, էսօր իշխանությունը ժողովրդի մի մասն է, չեն ընկալել, որ Հայաստանում կա վարչապետ, որն ամեն քաղաքացու ընդունում է որպես ընտանիքի անդամ: Ես այսօր մեր ժողովրդին ընկալում եմ որպես , գուցե սենտիմենտալ հնչի, հաջորդ քննադատությունների տեղիք է տալու, հիմա էլ կասեն, որ վարչապետը ո՞նց  կարող է զգացմունքներ ունենա, վայ, վարչապետի ուղեղը պետք է հանած լինի,  տեղը պարկետ շարած պիտի լինի: Ես ժողովրդին ընկալում եմ՝ որպես ծնող, ես իմ ամենօրյա գործողությունն ընկալում եմ՝ որպես իմ որդիական պարտականությունների հնարավորինս լավագույն ձևով կատարում: Հիմա ասում են, թե թեժ փետրվար է լինելու, թեժ մարտ է լինելու, չի լինելու ոչ մի բան, անցյալի մնացուկները հոգեվարքի մեջ են, միայն  դա է»:

 

  • 89
  •  
  •  
  • 8
  •  
  •  
  •  
  •  
  •  
    97
    Shares

Նույն շարքից