Հասարակություն 

Եթե ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու արարքում չլինի քրեորեն հետապնդելի տարր, և նա կցանկանա վերադառնալ, դա կիրականացվի. Արտակ Զեյնալյան

analitik.am

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվածի կարգավիճակ ունի: Դեռևս գնահատական չտանք՝ նա ապօրինի է հատել սահմանը, թե ոչ ապօրինի:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացուն ինչ իրավական գործընթացներ են սպասվում: «Կա փաստ՝ անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը, և իրականացվում է նախաքննություն»,-ասաց նա:

Հարցին, թե փոխանակման կամ հետ վերադարձնելու գործընթաց կա՞, Զեյնալյանը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները Սահմանադրությամբ բոլոր պարտականություններն իրականացնում են, ներգրավված է գործընթացում Կարմիր Խաչը, կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակն ամբողջությամբ»:

Հիշեցնենք, որ Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հարցին, թե հնարավոր է՝ հետ հանձնեն, նախարարն ասաց, որ եթե նրա արարքում չի լինի քրեորեն հետապնդելի տարր, և իր կամքով կցանկանա վերադառնալ, բնականաբար կլինի: «Չգիտենք, գուցե նա հայցում է քաղաքական ապաստան: Եթե անձն իր կամքով կուզենա վերադառնալ, բնականաբար, դա կիրականացվի, այսինքն՝ կպահպանվեն մարդու իրավունքներն՝ առանց որևէ տարբերակիչ հատկանիշի, առանց որևէ խտրականության, անկախ նրա էթնիկ ծագման ու պատկանելիության:

ՀՀ-ում այս իրավունքը երաշխավորված է»,-ասաց նա:

Նույն շարքից