Քաղաքականություն 

Դա խայտառակություն կլիներ. Նիկոլ Փաշինյանը՝ իր որոշումների վրա կնոջ ազդեցության վերաբերյալ խոսակցությունների մասին

analitik.am

Երբ ես եղել եմ գործազուրկ, ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքն իմ կողքին է եղել: Երբ ես զրոյից ստեղծել եմ լրատվամիջոց, իմ ընտանիքն իմ կողքին է եղել: Երբ իմ դեմ տեռոր էր իրականացավում՝ քրեական և քրեածին, նրանք իմ կողքին են եղել, երբ ես եղել եմ բանտում, կամ հանրահավաքներ եմ անցկացրել՝ ոչ բազմամարդ, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Հիմա ի՞նչ, ակնկալում են, որ իմ ընտանիքից հրաժարվե՞մ: Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով խոսակցությունները, որոնք վերաբերում են իր ընտանիքի անդամների ճոխ ծախսերին և այն մասին, որ վերջիններս իր հետ արտասահմանյան այցերի են գնում:

Վարչապետն ասաց, որ իր ընտանիքը հիմա ապրում է կառավարական առանձնատանը, որը պահվում է պետական բյուջեի միջոցներով. «Այդպես է: Ես կառավարական առանձնատուն գնացել եմ մի պատճառով, որովհետև տեղի է ունեցել հեղափոխություն և այդ կառավարական առանձնատունը երկրում պետական իշխանության ամենակարևոր սիմվոլներից մեկն է: Այդ պահին այնտեղ ապրում էր Սերժ Սարգսյանը: Այդ նույնն է, որ ես վարչապետ ընտրվելուց հետո չգնայի նստավայր, կառավարում եմ Հանրապետության հրապարակից՝ վրանում, թող Սերժ Սարգսյանն ամեն օր գնա նստավայր»:

Փաշինյանը նշեց, որ կառավարական առանձնատուն տեղափոխվելուց առաջ լուրջ քննարկում են ունեցել ընտանիքում. «Պետք էր հասկանալ, թե ինչ ենք անելու: Հիմա այնտեղ գտնվող բոլոր շենքերը վերանորոգման կարիք ունեն, հիմա պետք է հասկանալ, նորոգելու ենք դրանք, թե չէ: Կարող ենք չնորոգել, բայց երբ հետո նորոգելու հարց լինի, ավելի մեծ ծախսեր կլինեն»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ իր կինն ազդեցություն ունի որոշումների վրա, Փաշինյանն ասաց, որ դա կարող է ասել նա, ով իրեն ու իր ընտանիքը չի ճանաչում. «Եթե այդպիսի բան լիներ, դա կլիներ խայտառակություն, ես դա ընդունում եմ: Բայց այդպիսի բան չկա»:

Իր ընտանիքի ծախսերի մասին վարչապետն ասաց, որ իր ընտանիքն ապրում է ինչպես նախկինում՝ որոշ արարողակարգային նրբություններ հաշվի առնելով. «Այն, ինչն անհրաժեշտ չէ մեր կարգավիճակի բերումով, մենք չենք անում, մեր կենսակերպում այդ մասով փոփոխություն չի եղել»:

Նույն շարքից