Հասարակություն 

Մենք ուզում ենք ունենալ ոչ թե ժամանակավոր, այլ սկզբունքային լուծումներ. Ժաննա Անդրեասյան

analitik.am

«Մշակել ենք ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրվող աջակցության համալիր ցանց, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել առանձնացված կենտրոններ և ապաստարաններ: Սա պետության ևս մեկ պարտավորությունն է: Այս պահին շահառուներին տրամադրվող աջակցության ծրագրերն ու ծառայությունները հիմք կդառնան նոր կենտրոնների համար: Գործընթացը կարգավորելիս՝ մենք ուզում ենք ունենալ ոչ թե ժամանակավոր, այլ սկզբունքային լուծումներ»,- այս մասին  գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի մոտ կազմակերպված քննարկումը վերաբերում էր ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող աջակցության, ծառայությունների, բռնության կանխարգելման հարցերին: Ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին տիկին Անդրեասյանը ներկայացրել է նախարարության տեսլականն ու պատկերացումները՝ ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Նա նշել է, որ խնդիրները շատ են, դրանք պահանջում են և՛ օրենսդրական դաշտի վերանայում, և՛ ենթակառուցվածքների ուսումնասիրություն, և՛ մարդկային ռեսուրսների քարտեզագրում և զարգացում:

Դիմելով գործընկերներին՝ տիկին Անդրեասյանը նշել է, որ հաշվի առնելով ոլորտում ՀԿ-ների ունեցած ակտիվ մասնակցությունը, փորձն ու գիտելիքները, նախարարությունը շնորհակալ կլինի օգնության և աջակցության համար, որպեսզի ոլորտում իրականացվող փոփոխություններն ընթանան ճիշտ ուղղությամբ, իսկ պետական քաղաքականությունը լինի իրատեսական և արդյունավետ:

Հասարակական սեկտորի գործընկերներն ևս ներկայացրել են այն խնդիրները, մտահոգություններն ու դիտարկումները, որոնք կուտակել են տարիների պրակտիկ աշխատանքի ընթացքում:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի վերանայման անհրաժեշտությունը,  ընտանեկան բռնության կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի լրամշակումը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Գործընկերները պայմանավորվել են ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման կենտրոնացված համակարգի նախագիծ մշակել, լուծել աջակցման կենտրոնների թեժ գծերի հետ կապված խնդիրները, հստակեցնել կենտրոնների և ապաստարանների չափորոշիչները:

Նշենք, որ այս պահին Հայաստանում կա գործող 6 աջակցության կենտրոն՝ 3-ը մարզում, 3-ը՝ Երևանում, որոնք, ի թիվս իրենց հիմնական գործառույթների, իրականացնում են նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցություն և խորհրդատվություն:

Նույն շարքից