Խմբակցության աշխատանքները համակարգելու խնդիր կար՝ առաջիկա ներքաղաքական կարևորագույն գործընթացների կտրվածքով, և առաջացավ խմբակցության գործող ղեկավար ունենալու անհրաժեշտություն: Եվ այդ ամենի հետ կապված՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Ռուբեն Հակոբյանը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ում Ֆլետչերի դպրոցում ուսանող Զարուհի Փոստանջյանն այս մասին նախապես տեղեկացվել է:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոննիսյանի՝ կուսակցությունից դուրս գալուն, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում և նրան մաղթում է ակտիվ հասարակական գործունեություն. «Դանիել Իոննիսյանի նման մեր կուսակցությունում շատ կան ակտիվ երիտասարդներ, մի մասը դուրս է գալիս, նորերն են գալիս, որոնք ունեն կեցվածք, դիրքորոշում»:
Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելու, ապա նորից խորհրդարանում մնալու որոշմանը, ապա Արմեն Մարտիրոսյանն այն ողջունեց: «Թևան Պողոսյանը հատկապես մեծ գործ է անում արտաքին ճակատում, շատ պրոֆեսիոնալ է այդ առումով»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա ևս մեկ անգամ անդրադառնալով փետրվարի 18-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահի հետ հանդիպմանը, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դրա ձևաչափը առ այսօր որոշված չէ: