Քաղաքական 

Պետք չէ մերժել «գազային պայմանագրի» հարցով հանձնաժողովի ստեղծման առաջարկը. Ռուբիկ Հակոբյան

ԱԺ «Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ի գիտություն ԱԺ մեծամասնությանն այսօր հայտարարեց, որ եթե մերժեն «գազային պայմանագրի» հարցով հանձնաժողովի ստեղծման առաջարկը,ապա քաղաքական լայն օրակարգ կձևավորեն։

Ըստ նրա, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե ինչպես է 300 մլն դրամ գազի պարտք գոյացել և դրա համար անհրաժեշտ է ստեղել «գազային պայմանագրերի» մի շարք հարցեր բացահայտելու համար ժամանակավոր հանձնաժողով, որը նախաձեռնել են ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը։ Բացի այդ՝ ըստ նրա, պետք է նաև հասկանալ, թե ինչպես էր գազը բնակչին վաճառվում 110%-ով թանկ, քան այն հասնում է ՀՀ սահման։

«Շատ պարզ հարց է, և մենք ուզում ենք իմանալ։ Ես ասում եմ, որ սա հակաօրինական հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Հանրապետությունն արտաքին պարտք է կուտակել»,- ասաց նա և նշեց, որ պայմանագիրն ընդունվել է առանց ԱԺ վավերացման՝ խախտելով Սահմանադրության համապատասխան դրույթն ու պահանջվող օրենքը։

«Մինչև քննադատելը եկեք ինձ ապացուցեք, որ ես սխալ եմ ասում։ Ես ասում եմ, որ խախտվել է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, չի կարող ունենալ 300 մլն դոլար պարտք և բերել հաստատել բյուջեն ԱԺ-ում, հակաօրինական, հակապետական փորձ եք արել, դուք խախտել եք «Արտաքին պարտքի մասին» օրենքը։ Չի կարող ԱԺ-ն տեղյակ չլինել, որ երկու տարի շարունակ ունեցել եք պարտք և բերել բյուջե ներկայացրել, խախտում եք օրենքը»,- նշեց նա։

Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ինքը կարող է ենթադրել, թե ինչու է պարտքը առաջացել։ «Կարող եմ ենթադրել, որ գրպանվել է այդ փողը, որ շահարկում եք և չեք ուզում հանձնաժողով ձևավորել, կամ էլ, որ սա բացառապես քաղաքական նպատակ ունի, որ 2011-ին ապրիլին է գազը թանկացել, երբ արդեն սկսել էին խորհրդարանական, այնուհետև ՀՀ նախագահի ընտրությունները և դուք թաքցրել եք, որպեսզի պահեք իշխանությունը, որովհետև գազի գնի թանկացման մասին հայտարարելով ձեզ ձայն չէին տա»,– ընդգծեց նա

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ ինքը հակված է երկրորդ տարբերակին, որովհետև Հայաստանում իշխանություն ունենալ նշանակում է ունենալ ամեն ինչ,կեղծել ընտրությունները։

«Նշանակում է մի քանի անգամ ավելի միլիոն դոլար ունենալ, նշանակում է ամբողջ պետական համակարգը խցկել հարազատներով, ընկերներով, շրջապատով, մնացածին «պերսոնա նոն գրատա» հայտարարել»,-ասաց նա։ 

Եվ այսքանից հետո, ըստ նրա, դեռ ԱԺ մեծամասնությունը նշում է, թե ոչ իշխանական ուժերը շահարկում են այս հարցը։ «Դուք այստեղ չեք պատասխանում և ասում եք շահարկում եք»,-ասաց նա։

Ռուբեն Հակոբյանը ասաց, որ հասկանում է, որ այս ամենը ոչ թե հինգ, այլ քսան տարվա վատ աշխատանքի հետևանք է, բայց շեշտեց, որ չի կարելի նման ձևով շարունակել։

«Սա կլինի ճշգրիտ մոտեցում, դուրս գալ այս վիճակից»,- դիմելով ԱԺ մեծամասնությանն ասաց նա և զգուշացրեց, թե հակառակ դեպքում ոչ իշխանական չորս ուժեր միասնական օրակարգ կձևավորվեն, որին կմիանան նաև արտախորհրդարանական ուժերը, քաղաքացիական հասարակությունը և իրավիճակ կփոխեն։ Ուստի, նա խորհուրդ տվեց չմերժել այս նախագիծը՝ հովանավորելով «կրիմինալը և գանձագողությունը»։

«Բնականաբար, լինելով նախաձեռնողների հեղինակներից մեկը, կողմ եմ քվեարկելու, շարունակելու եմ պնդել, որ եթե չընդունեք, որ սա եղել է գրպանելու կամ քաղաքական հարց, ապա ոչ իշխանական ուժերն ամեն ինչ անելու են, որպեսզի քաղաքական լայն օրակարգ ձևավորեն, որպեսզի պետությանը բերենք նորմալ զարգացման»,-եզրափակեց նա։

Նույն շարքից