«Գազային պայմանագրի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ համարում է, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերին հետաքրքրում է ոչ թե այդ փաստաթղթերի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանը, այլ հասարակությանը մոլորեցնելը, այսօր ԱԺ-ում խմբակցության անունից եզրափակիչ ելույթում հայտարարեց «Հանրապետական» պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Իսկ մինչ այդ նա հայտարարեց, թե իրենք նման պայմանագրերի են գնացել՝ հաշվի առնելով բացառապես շարքային քաղաքացու և տնտեսվարողի շահը։
«Շարքային քաղաքացու մասին խոսում ենք, որ հունվարի սկզբին բավական ցուրտ եղանակ էր և մեր քաղաքացիները դժվարությամբ էին գումար հայթայթում՝ վճարելու գազի գնի դիմաց։ Ինչի՞ մասին էր մտածում Կառավարությունը, պետությունը վերջին տարիներին, եթե ոչ այդ խնդրի մասին, ինչի՞ մասին էր մտածում, եթե ոչ ձեռնարկությունների մասին, որոնք գազի գնի հարաճուն աճի պարագայում կարող են հայտնվել անմրցունակ վիճակում»,-ասաց նա։
Գագիկ Մինասյանը նշեց, թե գազի համար վճարում են ՀՀ սպառողները և կասկած հայտնեց, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նրանց համար են ցանկանում հարցերի պատասխան ստանալ, քանի որ նման պատասխանը կարող են ստանալ հենց այսօր՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից, ով ելույթ է ունենալու ԱԺ–ում։
«Եթե, իհարկե, ուզում եք ճշմարտությունը պարզել, այլ ոչ թե հրապարակում մարդկանց մոլորեցնել։ Այս ամբիոնից մարդը ելույթ է ունենալու, պատասխան եք ստանալու, դրանից ցիվիլ պատասխան չեմ հասկանում՝ ինչ կարող է լինել։ Դուք գիտեք, որ այդ պատասխանատու կառույցի ղեկավարի ելույթից հետո անսահմանափակ հարցեր կարող եք տալ։ Համոզված եմ՝ Ձեր նպատակը դա չէ, իսկ եթե դա չի բավարարում, ապա կարող եք խորհրդարանական լսումներ անել, մեր լսումները չափազանց լիբերալ են, ի տարբերություն շատ երկրների»,- ասաց ՀՀԿ–ական պատգամավորը։
Մինչ այդ Գագիկ Մինասյանը նպատակահարմար գտավ ներկայացնել այն 35՝ նախկին Խորհրդային միության անդամ և եվրոպական երկրների տվյալները գազի գնի հարցով և համեմատություն անել՝ տեսնելու, թե ինչքան ձեռնտու վիճակում է Հայաստանը։
«Խոսում են, թե տեսեք ակնհայտ է, որ գազի որակը վատացել է, որովհետև կաթսան 60 աստիճանի վրա է դրված, բայց տունը չի տաքանում։ Ֆիզիկայի մասնագետը ո՞նց կարող է նման բան ասել, երբ տարրական դասարաններում կարող են սովորել, որ շրջապատի ջերմաստիճանը ներազդեցություն ունի, եթե դրսում ջերմաստիճանը ցածր է, ակնհայտորեն ավելի բարձր ջերմություն է պետք»,- ասաց նա։
Ելույթն ավարտելով՝ ՀՀԿ պատգամավորը նշեց, թե իր համար ամեն ինչ ավելի քան ակնհայտ է։ «Պետք չէ մոլոցնել հասարակությունը, եթե ցանկություն կա պարզելու դրա համար բազմաթիվ հնարավորություններ կան»,-նշեց նա։