Քաղաքական 

Հայաստանի նախագահ. ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկությունը Վրաստանի ինքնիշխան իրավունքն է

ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկությունը Վրաստանի ինքնիշխան իրավունքն է: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չեխական «Lidovе noviny» (Ժողովրդական նորություններ) թերթին` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում:

«Վրաստանի ինքնիշխան իրավունքն է, ինչպես ցանկացած այլ պետության, ընտրել անվտանգության այն համակարգը, որը լավագույնս կծառայի իր ազգային շահերին: Կցանկանայի հույս հայտնել, որ Վրաստանը կկարողանա համատեղել ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումը եւ հարեւան պետությունների հետ հարաբերությունները, այդ թվում՝ այն երկրների, որոնք վճռորոշ դերակատարություն ունեն մեր տարածաշրջանի անվտանգության հարցում»,- նշել է Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ այսօրվա դրությամբ մեր հարեւան երկրներից միայն մեկը՝ Թուրքիան է հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ: «Դա մեր անվտանգության համակարգը ոչնչով չի համալրում: Ավելին, չնայած Հայաստանը բավական արդյունավետորեն զարգացնում է գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ իրականացնում է համագործակցության անհատական ծրագիր, մասնակցում Կոսովոյում եւ Աֆղանստանում գործողություններին, այդուհանդերձ մենք երբեք չենք նկատել, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները, այդ կազմակերպության ձեւաչափում, Թուրքիային ցույց տան, որ նա իր գործողություններով գործընկեր երկրին էական վնաս է հասցնում: Պարադոքսային է, որ մենք մեր ներդրումն ենք ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության համակարգում, եւ այդ պարագայում մեր անվտանգության համակարգին ուղղակի վնաս է հասցնում ՆԱՏՕ-ի մասնակից երկրի քաղաքականությունը»,- նշել է Սարգսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է Դուք վերաբերում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրներին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Գիտեք, ես կարծում եմ, որ այդ խնդիրները պետք է լուծեն իրենց հասարակությունները՝ խաղաղ եւ կառուցողական երկխոսության միջոցով: Հայաստանը միշտ շահագրգռված է եղել տարածաշրջանի պետությունների կայունության եւ համագործակցության հարցում: 2008թ. օգոստոսյան իրադարձությունների օրերին Հայաստանը շատ ծանր իրադրության մեջ էր: Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող հաղորդակցման ուղիներն ընդհատվել էին, Ռուսաստանի հետ կային դաշնակցային հարաբերություններ եւ պարտավորություններ, միեւնույն ժամանակ առկա էին բարիդրացիական գործընկերային հարաբերություններ Վրաստանի հետ: Ե՛վ Վրաստանում, եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Աբխազիայում ապրում են բազմաթիվ հայեր, որոնք հանկարծ հայտնվեցին բարիկադների տարբեր կողմերում: Մեզ համար դա շատ ծանր փորձություն էր:

Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ նման խնդիրները չի կարելի փորձել լուծել ուժի միջոցով: Դա միշտ բերում է մեծ ցնցումների եւ ողբերգությունների»:

Նույն շարքից