Քաղաքական 

Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությունը ոչ մի դեպքում չի նշանակում Եվրոպական միությանը ինտեգրման ավարտ. ՀՀ Նախագահ

Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությունը ոչ մի դեպքում չի նշանակում Եվրոպական միությանը ինտեգրման ավարտ: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չեխական «Lidovе noviny» (Ժողովրդական նորություններ) թերթին` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում:

«Մենք արդեն վաղուց արդյունավետորեն համագործակցում ենք շատ ոլորտներում եւ մտադրված ենք հաստատակամորեն շարունակելու մեր հարաբերությունները: Ես նկատի ունեմ բարեփոխումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ այլն:

Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Եվրոպական միության հետ համագործակցությանը: Վիլնյուսյան գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարությամբ (Հայաստանի Հանրապետություն եւ ԵՄ) մենք վերահաստատեցինք Հայաստանի պատրաստակամությունը հետագայում եւս զարգացնել եւ ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Հենց այնտեղ՝ Վիլնյուսում, Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչը նամակներ փոխանակեցին, որոնցում նշված է Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցության օրակարգը»,- նշել է Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նշանակում Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգից հրաժարում: «Քանի որ Եվրոպական միության հետ մեր փոխհարաբերությունները կառուցվում են ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության եւ ժողովրդավարական ազատությունների նկատմամբ նվիրվածության հիմքի վրա: ԵՄ-ի հետ մեր երկխոսության՝ Հայաստանում բարեփոխումների անցկացման մեր պարտավորություններին եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մասը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն մեր հարաբերությունների օրակարգում:

Եվրոպական միության հետ համագործակցության ոլորտում մենք զգալի աշխատանք ենք կատարել, էական առաջընթացի ենք հասել մեր օրենսդրության բարեփոխման, քաղաքացիական հասարակության ժողովրդավարացման ու ամրապնդման գործում: Ուժի մեջ են մտել հետընդունման եւ վիզաների դյուրացման, շարժունակության ոլորտում գործընկերության համաձայնագրերը, բանակցություններ են ընթանում մի շարք հատվածներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, ստորագրված է արձանագրություն, որը Հայաստանին ԵՄ ծրագրերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում»,- նշել է նա:

Հարցին, թե Հայաստանը ցանկանո՞ւմ է ապագայում Եվրոպական միության անդամ դառնալ, նախագահը պատասխանել է. «Նման հարց մեր օրակարգում չի եղել եւ այսօր էլ չկա: Շատերը նույնիսկ շփոթում էին «Ասոցացման մասին» եւ «Ասոցացված անդամակցության մասին» համաձայնագրերի հասկացությունները: Մեկը չի ենթադրում մյուսը: Հակառակը, Արեւելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկի հենց առաջին պահից՝ հինգ տարի առաջ, այստեղ՝ Պրահայում, բոլորն ասում էին, որ այդ հասկացությունները չի կարելի շփոթել, եւ Արեւելյան գործընկերությունը Եվրոպական միություն տանող ճանապարհ չի հանդիսանում»:

Լրագրողի հարցին, թե ինչ է ակնկալում Արեւելյան գործընկերությունից, Սարգսյանը պատասխանել է. «Արեւելյան գործընկերություն» ծրագրի նպատակն ի սկզբանե եղել է ընդհանուր արժեքների տեսլականը, ինչպիսիք են` իրավական պետության հիմքերի ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների հարգանքը, համատեղ ապագայի տեսլականը: Արեւելյան գործընկերությունը մեզ համար մեր եվրոպական գործընկերների հետ շփման մեխանիզմ է, մեր մշակույթների փոխներթափանցման, տնտեսական կապերի ընդլայնման, քաղաքական երկխոսության խորացման համատեքստում ընդհանուր նպատակներին եւ խնդիրների լուծմանը հասնելն է:

Մենք կձգտենք իրականացնել Վիլնյուսյան հայտարարությամբ ամրագրված նպատակները, որի հիման վրա մոտ հեռանկարում կձեւավորվի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությունը»:

Նույն շարքից