Քաղաքականություն 

Գերմանիայում մեծ ոգևորությամբ են հետևել Հայաստանում ծավալված Թավշյա հեղափոխությանը. Վոլֆգանգ Շոյբլե

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգևորությամբ են հետևել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված Թավշյա հեղափոխությանը՝ ընգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ԱԺ նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է Եվրոպա: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շարժառիթները, դրանց հաջորդած ժամանակաշրջանն ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել են միջազգային դիտորդների ամենաբարձր գնահատականին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժևորելով Գերմանիայի խորհրդարանական ավանդույթները, նշել է, որ Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար:

Այս կապակցությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները:

Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները և Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում:

Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջև գոյություն ունեցող մշակութային և կրթական կապերին՝ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջև հարաբերությունները:

Արարատ Միրզոյանը և Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում:

 

  • 83
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    85
    Shares

Նույն շարքից