Պաշտպանական ոլորտում Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ փոխըմբռնման եւ համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանային անվտանգության գործում երկու երկրների ավանդի հարցերն են քննարկվել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Բելառուսի Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Սերգեյ Գուրուլեւի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Գուրուլեւը նշել է երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության մեծ հեռանկարները:
Սույն հանդիպումը մեկնաբանել է քաղաքական տեսաբան Ռոման Յակովլեւսկին: Ըստ նրա՝ խոսք կարող էր լինել սպառազինության մատակարարման մասին, հայտնում է charter97.org-ը:
«ԱՊՀ երկրներից Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունն, ըստ իս, ամենահետաքրքիր թեման է:
Բանն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանն առայսօր պատերազմում են, իսկ Բելառուսը Հայաստանի առջեւ ՀԱՊԿ շրջանակում ռազմական պարտավորություններ ունի: Եվ երբ լսում ենք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է պատերազմող կողմերից մեկի հետ, դա հարցեր է առաջացնում, որոնց պատասխան գտնելը հեշտ չէ:
Ավելին, բելառուսական պատվիրակության այցի մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցներում, ոչ թե բելառուսական»,- ասում է Յակովլեւսկին:
Ըստ նրա՝ փաստը, որ Բելառուսի Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Սերգեյ Գուրուլեւը նշել է Ադրբեջանի հետ համագործակցության մեծ հեռանկարները, վկայում է, որ խոսքը ինչ-որ սպառազինությունների մատակարարման մասին է:
«Ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը հեռանկարային է Ադրբեջանի վճարունակության, եւ, հավանաբար, ադրբեջանի համար հետաքրքիր ինչ-որ նոր արտադրանքի առումով», - ընդգծում է տեսաբանը:
Բելառուսական լրատվամիջոցներն այցի մասին չէին գրել, հայտնում է charter97.org-ը: