Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն կոչ է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ակտիվացնել Մոսկվայի հետ բանակցությունները և ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ խնդիրները՝ առանց հույսը դնելու Եվրամիության վրա, գրում է Взгляд-ը՝ հղում անելով «Коммерсант»-ին:
Թերթի տեղեկություններով՝ Վրաստանի վարչապետը Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպել է իր եվրոպական շրջագայության շրջանակում: Ժոզե Մանուել Բառոզուի հետ զրույցից առաջ Ղարիբաշվիլին ներկա է եղել Դավոսի տնտեսական համաժողովին և ելույթ ունեցել անվտանգության հարցերով Մյունխենյան վեհաժողովին:
Արձագանքելով վարչապետի մյունխենյան ելույթին՝ Բառոզուն նրա հետ հանդիպմանն ասել է, որ Եվրամիությունն աջակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Վրաստանի ձգտմանը և կոչ է անում երկրի նոր իշխանություններին ակտիվացնել Մոսկվայի հետ երկխոսությունը:
Նրա խոսքով՝ «Եվրամիությունը հարգում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն համարում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը կոնֆլիկտի լուծման միակ ճանապարհն է»: Այդ հայտարարությունը Թբիլիսիում ընդունել են որպես Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ողջ պատասխանատվությունը վրացական ղեկավարության վրա թողնելու ԵՄ-ի ձգտում և այդ գործընթացին չխառնվելու ցանկություն:
Վրաստանում ընդդիմությունն արդեն մեղադրել է իշխանություններին Արևմուտքի աջակցության կորստի համար: