Քաղաքականություն 

Խաչիկ Ասրյանը «Հայոց արծիվներ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց Սեյրան Օհանյանին

analitik.am

Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի և «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 4-ամյակի առթիվ, այսօր «Հայոց արծիվներ» կազմակերպությունը հյուրընկալվել էր Պաշտպանության նախարարությունում, որը, ի դեպ, առաջին անգամն էր:

Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը Հայոց պետականության կայացման ու հզորացման գործում ներդրում ունենալու համար նախարար Սեյրան Օհանյանին պարգևատրեց «Հայոց արծիվներ» ոսկյա հուշամեդալով: Այնուհետև նա հանձնեց խորհրդանիշ արծիվը և նվիրեց օդամղիչ հրացան:

Նախարարը շնորհակալություն հայտնելուց հետո, կազմակերպությանը նվիրեց Պաշտպանության նախարարության խորհրդանիշ «Հայոց բանակի զինվորին»:

Խաչիկ Ասրյանը նշեց, որ այս օրը իրենց համար տոն է, քանի որ առաջին անգամ հյուրընկալվել են Պաշտպանության նախարարությունում և արժանացել ջերմ ընդունելության: Այնուհետև նա նշեց, որ «Հայոց արծիվներ» կազմակերպությունը եկել է նախարարին հաշվետվություն ներկայացնելու իրենց 4 տարիների գործունեության վերաբերյալ:

«4 տարիների ընթացքում «Հայոց արծիվները» մուտք են գործել 500-ից ավելի համայնքներ, հիմնադրել 300 մասնաճյուղեր, իրականացրել 550 միջոցառումներ: Այս տարիների ընթացքում կամավոր մեր կազմակերպությանը անդամագրվել են 32 հազարից ավելի մարդ: 2013թ-ը հայտարարեցինք հայկական բարձրավանդակում ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի: Շփվել ենք սահմանամերձ տարածքների կրթօջախների տնօրենների ու համայնքապետերի հետ, նրանք խնդրել են մարզագույք և օդաճնշիչ հրացան: Մենք անցած տարվանից սկսեցինք այդ գործի իրականացումը և 1 100 դպրոցների տրվել են գերմանական օդաճնշիչ հրացաններ: Շուտով Արցախի 350 դպրոցների ևս կտրվեն նման հրացաններ»,- ասաց նա:

Խաչիկ Ասրյանն ընդգծեց, որ 2014-ը լինելու է ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, որը սկսել են իրականացնել արդեն հունվարի 1-ից:

Նա ընդգծեց, որ ևս 300 մասնաճյուղ պետք է հիմնադրվի սահմանամերձ տարածքներում:

«4 տարիների ընթացքում ստեղծել ենք օպերատիվ խումբ, յուրաքանչյուր մասնաճյուղում՝ 10-15 անդամ։ 3000-ից ավել հայորդիներ պատրաստ են կանգնելու բանակի կողքին ու պաշտպանելու սահմանները ոխերիմ թշնամուց»,- ասաց նա:

Իր հերթին նախարար Սեյրան Օհանյանը, գնահատելով «Հայոց արծիվներ» կազմակերպության կատարած աշխատանքը՝ նշեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մաս է կազմում յուրաքանչյուր պետության ազգային գաղափարական կազմակերպվածության, ազդում է ներքին ու արտաքին քաղաքականության վրա, ու այն ամենակարևոր ուղղություններից մեկն է երկրում: Այնուհետև նախարարը 6 կետից բաղկացած հանձնարարական տվեց կազմակերպությանը:

«Կազմակերպությունը իր աշխատանքները պետք է ավելի ակտիվացնի մարզերում, հատկապես՝ սահմանամերձ տարածքներում, ուր կյանքը հագեցված չէ մշակութային ծրագրերով: Մենք այդ ուղղությամբ պետք է մեծ ուշադրություն դարձնենք: Ապահովել կապը բանակի ու հասարակության միջև: Մենք հասարակության շրջանում աշխատանքներ ենք տանում սպայի դերի բարձրացման և նրանց լավագույն հրամանատարների օրինակով դաստիարակելու համար։ Դուք կարող եք մեզ օգնել, որ մեծ աշխատանքներ իրականացնենք. բուհերում աշխատանքներ տանեք, որ կրտսեր սպայական կազմը համալրվի և նրանց մի մասը աշխատանքը շարունակի մեր ոլորտում»,- ասաց նա և ավելացրեց, որ կազմակերպությունը պետք է օգնի փողոցային բարքերը բանակից դուրս հանելուն:

Նույն շարքից