Հասարակություն 

Մեր համակարգում կադրային փոփոխությունները պայմանավորված են լինելու աշխատանքի արդյունավետությամբ. ՔԿ նախագահ

analitik.am

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ ծանոթանալու բաժնի կողմից 2018 թվականին կատարված աշխատանքներին:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամսոն Մաթևոսյանը ՔԿ նախագահին զեկուցել է բաժնի կողմից նախորդ տարի կատարված աշխատանքները:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվել է 1429 քրեական գործ, իսկ 2017 թվականին՝ 1056 գործ:

Քննված քրեական գործերից 558-ի կամ 39,04 %-ի նախաքննությունն ավարտվել է /2017թ.՝ 387 գործ /, այսինքն՝ ավարտված քրեական գործերի տեսակարար կշիռը 44,18 %-ով կամ բացարձակ թվերով աճել է 171-ով:

Վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 34 քրեական գործ /2017թ.՝ 19 գործ/: Այդ գործերով մեղադրյալ են ներգրավվել 21 անձ /2017թ.՝ 11 անձ/:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 94.121.000 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև քաղաքացիների ընդունելություններին՝ նշելով, որ հանդիպում խնդրող բոլոր քաղաքացիների համար պետք է կազմակերպվի պատշաճ ընդունելություն:

«Գերազանց եմ գնահատում բաժնի կողմից նախորդ տարի կատարված աշխատանքները: Սա ստորաբաժանման ղեկավարի, տեղակալների և քննիչների կողմից միահամուռ աշխատանքի արդյունքն է: 2019 թվականի ընթացքում պետք է նույն ինտեսիվությամբ աշխատեք: Մեր համակարգում կադրային փոփոխությունները պայմանավորված են լինելու աշխատանքի արդյունավետությամբ: Որևէ մեկի խնդրանքով առաջխաղացում չեք ունենալու, միայն ու միայն աշխատասիրությունն ու արձանագրած գերազանց արդյունքը կարող են ապահովել համակարգում ձեր առաջխաղացումը»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետին հանձնարարեց լավագույն քննիչներին ներկայացնել պարգևատրման:

Նույն շարքից