Քաղաքականություն 

Տարածվել է հերթական ուշագրավ լուրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասով. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ տարածվել է հերթական ուշագրավ լուրը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրա­ժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:

Միաժամանակ Սեմերիկովը նշել է, թե քա­նի որ համաձայնեցման ու փաստաթղթերի ստորագրման ժամկետները հստակեցված չեն, ապա անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշա­նակումը: Ի պատասխան այս հայտարա­րության՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ ասել է, որ հայկական կողմի համար առաջնայինը սկզբունքի ամրագրումն է, քանի դեռ ամրագրված չէ սկզբունքը, թե ինչպես լրացնել այդ իրավական բացը նման իրավիճակների հա­մար, մնացած զրույցների մասին խոսքը դեռևս ավելորդ է ՀՀ կողմից:

Թե ինչպես կհանգուցալուծվի այս խնդի­րը՝ դեռևս պարզ չէ, հայտնի չէ նաև, թե ինչ է պատասխանելու Հայաստանը կամ, ի վերջո, պատասխանելո՞ւ է, թե կրկին անարձագանք է թողնելու այն, ինչպես եղավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի առաջարկի դեպքում՝ գալ Հայաս­տան և հանդիպել հայկական կողմի հետ:

Հիշեցնենք, որ Զասը փետրվարի 7-ին հայ­տարարել էր, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ ՀԱՊԿ կանոնակարգը սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում, սակայն դա լավագույն տարբերակը չէ, քանի որ նման որոշումնե­րը կոնսենսուսով են ընդունվում: Բացի դրանից, նա նշել էր, որ պատրաստ է հանդիպել հայկական կողմի հետ, սակայն Երևանից պատասխան չի ստացել:

«168 ժամի» թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին, ասել է. «Հասկանալի էր, որ այն, ինչ տեղի ունեցավ նա­խորդ գլխավոր քարտուղարի հետ, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետևանք էր, բայց այն վերաբերում էր մի­ջազգային կազմակերպությանը, ուստի հարված հասցրեց ՀԱՊԿ հեղինակությա­նը: Սա, բնականաբար, չի կարող հաճելի լինել ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հա­մար, և սա կարող էր կանխատեսելի լինել, քանի որ որոշ ներքին որոշումներ, որոնք վերաբերում են միջազգային կազմակեր­պություններում պաշտոն զբաղեցնող ան­ձանց, նուրբ թեմաներ են, ուստի պետք է շատ ավելի զգուշավոր մոտեցում ցուցա­բերել այս հարցում: Խնդիրը եղավ, ապա սկսեց շրջանառվել իրավական խնդիրնե­րը լուծելու հարցը, որն ընդունելի է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար: Բայց զու­գահեռաբար՝ Բելառուսն աշխատում է իր թեկնածությունը հաստատելու համար՝ օգտվելով այս չկանոնակարգված հարա­բերությունների բնույթից: Ես, չնայած այս զարգացումներին, չեմ կարծում, թե առանց Հայաստանի իսկապես որոշոմ կկայացվի»:

Նա նաև նշել է, որ տեղեկություններ են շրջանառվում, որ, եթե չհաջողվի հասնել կոնսենսուսի, Սեմերիկովի քարտուղարու­թյունը կշարունակվի մինչև 2020 թվակա­նը:

«Բնականաբար, ՀՀ-ն կարող էր ընթա­նալ այլ ճանապարհով, չնպաստելով խնդրի խորացմանը՝ զուգահեռաբար բարձրացնելով հարցեր, որոնք կարող են ամրապնդել ՀԱՊԿ կառույցը»

 

Նույն շարքից