«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է Ազատության հրապարակում փետրվարի 18-ին հանրահավաք անցկացնել, որտեղ նույն օրը հանրահավաք է նախատեսել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մեզ համար այդ օրը շատ նշանակալի է, ծրագրել ենք ավտոերթ անցկացնել։ Այդ օրը նոր անդամագրված ԱԻՄ-ականները կներկայանան: Հետո երթը կշարունակվի Երևանի տարբեր փողոցներով, կշարժվենք դեպի Գառնի: Ժամը 16-ին Ազատության հրապարակում տեղի կունենա մեր հանրահավաքը»,- այսօր կայացած ասուլիսին հայտարարեց նա:
Դառնալով նույն օրը նույն տեղում հանրահավաքի նախապատրաստվող Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Պարույր Հայրիկյանը նշեց, որ նրա հանրահավաքի ձևաչափը դեռ որոշված չէ, այդուհանդերձ, իրենք որևէ մեկին խանգարել չեն պատրաստվում: «Անգամ եթե որևէ մեկը կցանկանա այդ օրը մեր հարթակից ելույթով հանդես գալ, որը մեր տեսակետներին չի համընկնի, ես կոչ կանեմ իմ թիմակիցներին հանգիստ լսել»,- ասաց նա և ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում խոսքը ոչ թե հանրահավաքի մասին է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը բան ունի ասելու, ինչի համար տարբեր ձևեր կան. «Բայց խնդիր չէ, մենք հրավիրել ենք բոլոր ազատասեր մարդկանց: Կարող են գալ և մասնակցել»:
Պարույր Հայրիկյանը նաև կոչ արեց բոլոր պայքարող ուժերին միանալ իրենց, քանի որ ցանկացած պայքարի հիմքում ընկած է իր կողմից առաջ քաշված գաղափարախոսությունը՝ ինքնորոշումը. «Եկեք աշխատենք իրար հետ, քանի որ ով ինչ անում է, մեկ է, խոսում է ինքնորոշումից»: